ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի նախագահ ընտրվելու պարագայում բացառվում է, որ թույլ տանք քաղաքական հետապնդումներ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ ընտրվելու պարագայում բացառվում է, որ թույլ տանք քաղաքական հետապնդումներ. Արայիկ Հարությունյան

Ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է: Այս թեմայով Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում նախատեսված էր բանավեճ թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիք» ՔՄԴ դաշինքից Արայիկ Հարությունյանի եւ ինքնաառաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանի միջեւ, սակայն երկրորդը չէր ներկայացել պատճառաբանությամբ, որ փաստացի հրաժարվել է երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավից, ուստի նպատակահարմար չի գտնում մասնակցությունը նաեւ հեռուստաբանավեճին: Այնպես որ, բանավեճն ընթացավ միակողմանի:

Ներածական խոսքում Արայիկ Հարությունյանը, ներողություն խնդրելով Արցախի Հանրապետության այն բնակավայրերի բնակիչներից, որտեղ չի կարողացել հանդիպում իրականացնել ընտրողների հետ, վստահեցրեց, որ անկախ պաշտոն ստանալուց առաջ, թե հետո, առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց հետ հանդիպում անպայման կայանալու է:

Նախագահի թեկնածուն վստահեցրեց նաեւ, որ քարոզարշավի ընթացքում հանդիպումների ժամանակ ընտրողներից լսած բոլոր պատգամները եւ հարցադրումները լինելու են իր օրակարգում:

«Իսկ ամենակարեւորը այն է, որ ուզում եմ վստահեցնել մեր բոլոր հայրենակիցներին՝ ընտրվելու պարագայում ես լինելու եմ բոլորի նախագահը: Բացառվում է, որ մեր երկրում թույլ տանք քաղաքական հետապնդումներ: Թող բոլորը վստահ լինեն. ոչ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի լինելու: Ընտրվելու պարագայում գլխավորելու եմ երկիրը եւ լինելու եմ բոլորի նախագահը»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: