չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արցախի հարցը փակված չէ, այն կազմում է հայկական օրակարգի առանցքը. Բագրատ Սրբազան

Արցախի հարցը փակված չէ, այն կազմում է հայկական օրակարգի առանցքը. Բագրատ Սրբազան

Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոլոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

«Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին։ Սակայն այսօր իրականությունն այն է, որ կորսված է Արցախը եւ այդ գաղափարական տարաձայնությունները անպտուղ են, իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին եւ հետեւապես  բոլորս ենք տնավեր: Իրականությունն այն է, որ այսօր ոչ մի արցախցի երեխա Արցախում դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը, Արցախի ոչ մի վանքում կամ եկեղեցում աղոթք չհնչեց, ոչ ոքի շիրիմի առջև խունկ չծխաց ու աղոթք չբարձրացավ։ Այսօր մեզ համար առանցքային եւ կարեւոր է երկու հարց՝ մայր Հայստանում արցախցի մեր քույրերի եւ եղբայրների լիարժեք խնբամքը եւ զուգահեռ Արցախ վերադարձի հարցը»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ ցավոք այս ամենի մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ 

«Սա դատապարտության խարան է ձեր ճակատին։ Երեկ դարձյալ բարբաջել է, չէի ուզենա անդրադառնալ, սակայն չեմ կարող: Խոսում է Արցախի լուծարման մասին, նախ ոչ ոք չի կարող լուծարել պետությունը եւ ակնհայտ է, որ Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիեւը, ինչքան այս նեռը, որի հենց առաջին պատասխանատուն ինքն է: Անբարոյականության բացարձակ դրսեւորում է, երբ մեր եղբայրները բանտարկված ու գերեվարված են, գլխապատառ մեկնում ես ինչ-որ թուղթ ստորագրելու, երբ փորձում ես նրանց բանտարկությունը արդարացնես թշնամու համար, հիմք ստեղծելով սեփական կաշին փրկելու համար: Վերը նշվածների միակ եւ բացառիկ պատասխանատուն եւ մեղավորը Նիկոլ Փաշինյան անունով նեռն է, որը նստած է մեր կյանքի վրա»,- ասաց նա: 

Բագրատ Սրբազանը հայտարարեց,որ Արցախի եւ Արցախի հակամարտության էջը փակված չէ եւ չի կարող լինել, ՀՀ-ն պետք է հետամուտ լինի Արցախի հարցը բանակցությունների օրակարգում ներառելու, արցախցիների վերադարձի իրավունքին հետամուտ լինելուն:

«Եթե մենք չենք զբաղվում արցախի հարցով, ապա այն զբաղվում է մեզանով: Ալիեւի բոլոր խնդիրները, մոտեցումները բխում են Արցախի պրիզմայից, եթե բանակցային սեղանին Արցախի հարց չկա, ապա մնում են Հայաստանի խնդիրները: Այո, եւ մենք կոչված ենք հեռացնելու եւ իշխանազրեկու այս չարիքին: Մենք կոչված ենք սխրանքի ու հերոսության, մենք կոչված ենք գնալու մեր իղձերի ու երազանքների հետևից՝ որևէ վայրկյան չտատամսելով մեր կյանքի համար, որովհետև այդ կյանքն արդեն գնված է մեր եղբայրների ու քույրերի կողմից։ Ինձ համար գոյություն ունի մեկ կյանք, հայրենիք կամ մահ»,-ասաց նա՝ հավելեով, որ շարժման հաղթանակը չի ուշանալու։

 

  • Կիսվել: