կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելուն դեմ արտահայտվող իշխող ուժը փաստարկների առումով կաղում է․ Ռուստամյան

Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելուն դեմ արտահայտվող իշխող ուժը փաստարկների առումով կաղում է․ Ռուստամյան

Մենք չենք թողնելու, որ այստեղ ծածկադմփոց տեղի ունենա: Հստակ ցույց ենք տալու, թե ինչ խնդիր գոյություն ունի, որ դուք պարտավոր եք այստեղ բերել լուծել և հանրությունն իմանա, թե ինչ մոդելով եք տեսնում դրանց լուծումը: Արցախի հարցը այստեղ առանցքային հարցերից մեկն է: Մենք ասում ենք, պարտության հետևանքները չեզոքացնենք և դրանից բխող գործիքակազմ ստեղծենք, քայլեր կատարենք։ Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ այդ ամենի դեմ առնելու խնդիրն է, որ այս ԱԺ-ն պարտավոր է լուծել:

«Ճգնաժամը Հայաստանում խորանում է, որի էությունն այն է, որ ոչ միայն պատերազմի պատճառները չեն բացահայտված, այլ նաեւ այդ պարտության հետեւանքները, որոնք մեզ սպասվում են, չեն վերացված: Քանի որ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելուն դեմ արտահայտվող իշխող ուժը փաստարկների առումով կաղում է, դա ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ իրենք չեն ուզում Արցախի հարցով միջազգային հանրությանը հայտարարեն հստակ դիրքորոշում, և դա այն դեպքում, երբ Ալիեւը անընդհատ հայտարարում է, որ Արցախի հարցը կարգավորված է, որ ընդհանրապես «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը չպետք է օգտագործել»,-հայտարարեց Ռուստամյանը և նշեց, որ իրենց փաստարկները հստակ են. դրանք միտված են պարտության հետեւանքների չեզոքացմանը, ճգնաժամի հաղթահարմանը։ 

«Դուք ասում եք, չկա ճգնաժամ, ինչը հաղթահարենք։ Նախ, պետք է վերականգնել Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի խարխլված դիրքերը: Վերականգնել Արցախի խարխլված սուբյեկտայնությունը, վերականգնել Հայաստան-Արցախ հրաբերությունների ռազմավարական մակարդակը: Ստեղծված նոր իրավիճակում հայկական կողմերի հայեցակարգը պետք է հստակեցվի: Էս բաները որտե՞ղ է ճշտվելու, թե՞ թողնելու եք, որ էլի կուլիսներում ճշտվի, հետո պարզվի, որ ոչ մի բան էլ չի ճշտվում, ինչ ուզում, անում ենք: Չենք թողնելու ինչ ուզեք, էդ անեք:

Էլ չեմ ասում, որ միջազգային ճանաչման նոր գործընթաց է պետք խրախուսել: ՌԴ խաղաղապահի առաքելության ռեժիմի հետ կապված հսկայական հարցեր կան, որ պետք է քննարկել»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե վերջնականապես կորցնենք Արցախի հարցիր հայանպաստ կարգավորումը, Հայաստանը կորելու է. «Մենք երեք բանով էինք աշխարհին հետաքրքրում. Արցախի հարց, Սյունիք եւ ատոմակայան: Հիմա մեկը կորցնում ենք, մյուսը կորցնելու վտանգի տակ ենք, եւ մեր հաղթաթղթերը սպառվում են»:

 

  • Կիսվել: