երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Արցախի հանձնումը երկու փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան

Արցախի հանձնումը երկու փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան

Արցախի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փուլը՝ 2020թ․ պատերազմից հետո մինչև 2023թ․։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հանձնումից հետո առաջին անգամ է խոսում այս թեմայով։ Հիշեցրեց, որ 2019թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկը, որը ըստ Քոչարյանի՝ ընդունելի առաջարկ էր, և հայտարարեց, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։
 
«Սա նշանակում է՝ համանախագահողներին ասում է՝ դուք ո՞վ եք, ի՞նչ էիք արել, ինչո՞վ էիք զբաղված 25 տարի։ Ես կինոյի տղան եմ և եկել եմ՝ ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ եթե Հայաստան է ու վերջ, էլ ինչի՞ մասին կարելի է բանակցել։ Սա, ըստ էության, պատերազմի կոչ էր»,- ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ այդ շրջանում տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը պատմության ամենաոչմիթիզական ղեկավարն է։
«Պատերազմում պարտվելուց հետո ոչմիթիզական Ռեմբոն դարձավա աշխարհաքաղական Գիքոր»,- ասաց Քոչարյանը։
 
Կարծում է, որ եղել է հրաշալի հնարավորություն ընդունելու համանախագահողների առաջարկն ու սկսել բանակցությունները, խուսափել պատերազմից։

  • Կիսվել: