հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի հակամարտության վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. ՀՀ արտգործնախարար

Արցախի հակամարտության վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. ՀՀ արտգործնախարար

Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչութանը, այդ թվում կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ մամուլի համար հայտարարությանը:
 
«Ավելին, անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
 
Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա:
 
Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

  • Կիսվել: