կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ է ՀՀ-ի հետ կայուն անվտանգ, ապահով ցամաքային սահման լինի. Արթուր Խաչատրյան

Արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ է ՀՀ-ի հետ կայուն անվտանգ, ապահով ցամաքային սահման լինի. Արթուր Խաչատրյան

Միջնորդը չի կարող բանակցող կողմերից մեկի շահերը պաշտպանել. Որեւէ միջնորդ չի կարող ՀՀ-ի շահերը պաշտպանել, եթե ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերը չեն պաշտպանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ուրիշ խնդիր, որ եթե ձեռք է բերվում համաձայնություն, այդ դեպքում միջնորդը դառնում է ձեռքբերված համաձայնության երաշխավորը: Ճիշտ կլինի, որ լինի միջնորդ, բայց բազմակողմանի միջնորդ, որ մի երկիր չլինի: Լավագույն ֆորմատը Մինսկի խմբի համանախագահությունն էր, որովհետեւ այդ միջնորդները նաեւ կփորձեն բալանսը պահել եւ ինչ-որ չափով հանդես կգան նաեւ որպես ձեռքբերված համաձայնության երաշխավոր»,-ասաց նա:

Արթուր Խաչտրյանը համոզմունք հայտնեց, որ արցախցիների Արցախ վերադարձի հարցը պետք է լինի օրակարգային. «Քանի որ տարածաշրջանում չի կարող լինել հարատեւ խաղաղություն, եթե հակամարտող կողմերի օրինական, կենսական շահերը չեն բավարարվում: Հայրենադարձության իրավունքը սկզբնաքարն է, դա պետք է ֆիքսել, հետո պետք է նայել, թե ինչպես պետք է այդ մարդիկ իրականացնեն իրենց այդ իրավունքը: Այո, անհրաժեշտ են անվտանգության միջազգային կայուն երաշխիքներ, այո, անհրաժեշտ է Հայաստանի հետ կայուն անվտանգ, ապահով ցամաքային սահման»:

Հարցին՝ դա հնարավո՞ր է իրականացնել, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Եթե այս բանակցողը լինի, այս քաղաքական ուժը լինի, իհարկե, որեւէ բան չի լինի: Այդ հարցը լուծելու, եւ ընդհանրապես հարցը համապարփակ կարգավորելու համար, տարածաշրջանում երկարաժամկետ արդար խաղաղություն հաստատելու համար պետք է փոխել ՀՀ-ի վարվող քաղաքականությունը»:

  • Կիսվել: