կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը ՎԶԵԲ ավագ քաղաքական խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Արայիկ Հարությունյանը ՎԶԵԲ ավագ քաղաքական խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:  

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը։ 

Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։ 

 Մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների, կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ:

  • Կիսվել: