Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին գերատեսչության 2024թ. կատարած ծախսերն ու ծրագրերը
Արտաքին գործերի նախարարության ծախսերը 2024 թ. կազմել են 27.4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.8 տոկոս: Նախարարությունը հաստատված ծրագրով իրականացրել է 5 ծրագիր եւ 12 միջոցառում: Տարվա ընթացքում վերաբաշխումներ են եղել, եւ ծրագրերի քանակը դարձել է 6, միջոցառումների քանակը` 14: Սկզբնական պլանավորված 17 մլրդի փոխարեն հատկացվել է 27.7 մլրդ դրամ: 2024 թ. ընթացքում ԱԳՆ-ի պատասխանատվության ներքո գտնվող ծրագրերի միջեւ կատարվել են 342 մլն դրամի վերաբաշխումներ, որոնցից 290 մլն դրամը կառավարության երեք որոշումներով, իսկ 51 մլն դրամը` ծանուցագրերով: Պլանավորված էր պետական տուրքերի մասով 2 մլրդ 899 մլն դրամի տուրքերի հավաքագրում, որն ամբողջությամբ կատարվել է եւ հավաքագրվել է 2 մլրդ 927 մլն դրամ: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 5-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Այնուհետեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ծրագրերի արդյունքային ցուցանիշներին: Հաշվետու տարում ճշտված բյուջեն ավելացել է 10.7 մլրդ դրամով: Այս տարբերությունը պայմանավորված է եղել Փարիզում դեսպանության նոր շենքի ձեռքբերմամբ՝ 9.9 մլրդ դրամով: Դեսպանությունների բացմանն անդրադառնալով՝ նախարարը տեղեկացրել է, որ 2024 թ. դեսպանություն է բացվել Ուրուգվայում, իսկ Սերբիայում եւ Լյուքսեմբուրգում՝ դիվանագիտական գրասենյակներ են: Այս տարի Օմանի Սուլթանությունում դեսպանություն բացելու վերաբերյալ կա կառավարության որոշում: Ընթացքի մեջ է Կիպրոսում դեսպանություն բացելու հարցը: Մինչեւ աշուն մեր դեսպանությունը կսկսի գործել Բուդապեշտում: Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու Կառավարության որոշում կա՝ 4.3 մլն եվրոյին համարժեք դրամով:
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 184 պետության հետ, նախորդ տարվա ընթացքում ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է մի շարք ծրագրերի գծով իրականացվող միջոցառումները: Դրանց թվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը վերաբերող ծրագիրը: «Արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում» ծրագրի համար նախատեսվել է շուրջ 3 մլրդ դրամ: 2024 թ. առաջին անգամ անցկացվել է «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որի համար նախատեսված էր 447 մլն դրամ: Նախարար Միրզոյանը խոսել է այս համաժողովի կարեւորության մասին: «Սա մեր ջանքերի դրսեւորումն է նաեւ այն ուղղությամբ, որ Հայաստանն իր տեղն ունենա դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների համաշխարհային քարտեզում»,- արձանագրել է Արարատ Միրզոյանը:
Շուրջ 88 մլն դրամ հատկացվել է երկու կարեւոր միջոցառման համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 70-րդ տարեդարձին նվիրված միջազգային հանդիպում եւ Հնագույն քաղաքակրթությունների 8-րդ նախարարական հանդիպում: Այս նույն ծրագրի ներքո իրականացվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորում միջոցառումը:
Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը ստացավ ՄԱԿ-ի կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովը Երեւանում անցկացնելու իրավունքը: Նախարարն անդրադարձել է այս ուղղությամբ իրականացվող ծավալուն աշխատանքներին:
Հայաստանն անդամակցում է 110 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի, կոնվենցիաների: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 2024 թ. մեր երկիրը հաստատված ժամանակացույցով փոխանցում է կատարել 101-ին: «ՀԱՊԿ-ում մեր մասնակցության սառեցմամբ պայմանավորված՝ 2024-ին Հայաստանը չի վճարել այս կազմակերպությունում անդամավճարը»,- նշել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
«Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում ու վերապատրաստում» ծրագրով հատկացվել է 274 մլն դրամ: Նախարարը խոսել է դիվանագիտական դպրոցի առաքելության եւ գործունեության վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսված է եղել 672 մլն դրամ:
Նախարարը խոսել է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների մասին, դրանց թվում եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, Թուրքիայի հետ երկխոսությունը, մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգերը, ԵՄ-ի հետ գործընկերության խորացումն ու այլ առաջնահերթություններ:
Հարցուպատասխանի ընթացքում արտաքին գերատեսչության պատասխանատուն խոսել է պատգամավորներին հետաքրքրող հարցերի շուրջ: