հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արարատ Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի քայլերի պատճառով խաղաղ համաձայնագրի ստորագրման խափանման հնարավորությունը

Արարատ Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի քայլերի պատճառով խաղաղ համաձայնագրի ստորագրման խափանման հնարավորությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ադրբեջանի քայլերի պատճառով խաղաղ համաձայնագրի ստորագրման խափանման հնարավորությունը։ Այս միտքը նա հնչեցրել է բրազիլական Correio Braziliense պարբերականին տված հարցազրույցում։

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։

Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։

Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ և սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում։ Հետաքրքիրն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ։

«Օրինակ՝ մենք առաջարկել ենք ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության և վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից դրական արձագանք չի եղել։ Անցած շաբաթ նրանք հանդես եկան կեղծ մեղադրանքներով, թե իբր ՀՀ զինված ուժերը զինադադարի ռեժիմի խախտումներ են կատարել սահմանային գոտում։ Մինչդեռ, օրինակ, Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետևում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որևէ խախտում։

Մենք դիմեցինք Ադրբեջանին՝ պահանջելով որևէ ապացույց կամ տվյալներ, եթե նրանք այդպիսիք ունեին մեր զինվորների կողմից խախտումների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանայինք հետաքննել դրանք»:

  • Կիսվել: