հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Առանց ընտրակաշառքի պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկը չէր հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Փաշինյան

Առանց ընտրակաշառքի պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկը չէր հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ առանց ընտրակաշառքի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէին հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։

Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կա՞ արդյոք պատկերացում կամ մեխանիզմ գնահատելու, թե քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերը ինչ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

«Ինչ վերաբերում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը՝ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ տեղի ունեցածի համար պատասխանատվություն ունի նաև դատաիրավական համակարգը։

«Այստեղ տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլ նաև այս գործընթացում էլ շարունակել են իրենց գործունեությունը»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը հստակ պատասխաններ տա։

«Դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա, և հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, թե ինչու է ֆինանսավորում դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլ նաև իրենց հանցագործությունները շարունակել։ Ես այս հարցերի պատասխանները ստանալու եմ»,- եզրափակեց Փաշինյանը։

 

  • Կիսվել: