երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Առանց ռազմագերիների և պատանդների ազատ արձակման՝ որևէ թուղթ չստորագրել. Լարիսա Ալավերդյանը՝ ԱԳՆ-ին

Առանց ռազմագերիների և պատանդների ազատ արձակման՝ որևէ թուղթ չստորագրել. Լարիսա Ալավերդյանը՝ ԱԳՆ-ին

Ես դիմում եմ Հայաստանի ԱԳՆ-ին հստակ պահանջով՝ որեւէ պայմանագիր, թուղթ չստորագրվի, կամ որեւէ պայմանավորվածություն նշմարող քայլ չարվի, մինչեւ չլինի հենց առաջինը համարվող պահանջի կատարումը, որտեղ արտացոլված է՝ ազատություն և վերադարձ գոնե պաշտոնապես ճանաչված զինգերիների եւ  հիմնականում պատանդների: Այս մասին, այսօր COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Նա դիմեց ոստիկաններին՝ նշելով. «Եթե այստեղ կանգնած ոստիկաններն իմանան, որ իրենք ՀՀ քաղաքացի են եւ միայն հետո ոստիկան, երբ ամեն մեկն առանձին իր տանը, իր ընտանիքի անունից՝ կդիմի հենց այս հարցով դիմի միջազգային հանրությանը, ՀՀ իշխանությանը, այդ ժամանակ որեւէ մեկը չի կարող դիմադրել ձեր պահանջին:

Ո՞ւր եք տղաներ, հո ձեռքեր ոլորելով չէ, որ դուք իրականացնում եք ձեր ծառայություն: Ճիշտ ժամանակ է, որ ցույց տաք ձեր մարդկային դեմքը: Սա մարդասիրական իրավունքի ներքո պահանջ է: Եթե դուք դա չեք անում, դուք ՀՀ ոստիկանություն չեք, այլ միանում եք այն բոլոր ուժերին, որոնք սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Դուք հանցակից եք դառնում միջազգային բոլոր տիպի հանցագործությունները կատարող Իլհամ Ալիեւին եւ նրա վարչակազմին»:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ եթե ինչ-որ բան իշխանությունը չի անում, հասարակությունը պետք է տասնապատիկ անի, եւ դա իշխանության դեմ պայքար չէ, անգամ ձեռնտու է իշխանություններին:

Ակցիայի մասնակիցները, որ մինչ այդ նամակ էին հանձնել ՄԱԿ-ի գրասենյակին, նույնաբովանդակ նամակ հանձնեցին նաև ԱԳՆ-ին և երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Հաջորրդ կանգառը կլինի ՀՀ-ում ՌԴ, ապա՝ ԱՄՆ դեսպանատները։

  • Կիսվել: