Արամ Սարգսյանը հայտնել է, թե երբ կսկվի ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքը
Մոտավորապես սեպտեմբերին կսկսվի «Ժողովրդվարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Դրա համար ձևավորվել է նախաձեռնող խումբ։ Օրենքը պահանջում է, որ նախաձեռնող խմբում լինի առնվազն 25 անդամ։ Մեզ մոտ, եթե չեմ սխալվում, անդամների թիվը 50-ի է հասնում։ Նախաձեռնող խումբն իր միջից ընտրում է լիազոր ներկայացուցիչ, ով խմբի անունից հանդես է գալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ստորագրահավաքից հետո նաև հանդես է գալու ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ ներկայացնելով այն։ Եթե պետաիրավական հանձնաժողովը հաստատի, հետո նաև ԱԺ լիագումար նիստին պետք է ներկայացնի նախաձեռնությունը»,- մանրամասնեց Սարգսյանը։
«Հանրապետություն» կուսակցության նախագահը հայտնեց, որ նախաձեռնող խումբը լիազոր ներկայացուցիչ է նշանակել Արտակ Զեյնալյանին. «Մեզ խոսակցություններ էին հասնում, որ իշխանությանը բացարձակ ձեռնտու չէ, որ 50 հազար ստորագրություն հավաքենք և իրենք էլ մերժեն։ Մենք նախաձեռնությունը մաքսիմալ անխոցելի ենք արել, որ չմերժի ԿԸՀ-ն»,- նշեց նա։



