հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Առաջին Հանրապետությունը անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Առաջին Հանրապետությունը անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում. Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում նշված է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ:
 
Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողություն էր, այնուամենայնիվ, նոր դարաշրջանի սկիզբն էր, որն անշրջելի էր լինելու ժողովրդավարության և մեր օրերի Հանրապետությանը հասնելու համար:
 
Մեր ժողովրդի համար օրհասական պահին ստեղծված Հանրապետությունը ինքնակազմակերպման, ընտրությունների միջոցով կամարտահայտության և ազատատենչության կարևոր մարմնավորումն էր:
 
Ամեն տարի այս օրը մենք հպարտությամբ ենք հիշում 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, մեր հերոսներին, որոնց անհավանական սխրանքները փառավորում են մեր ինքնությունը, սնում մեր էությունը: Եվ ինչպես մեր գոյամարտի վերաբերյալ տարբեր աշխատություններում է գրված. «Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»:
 
Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում, որոնք ուսումնասիրման, առերեսման և խորհելու մեծ հնարավորություն են տալիս սերունդներին:
 
1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է ու ժառանգությունը, մեր պետականության հիմնաքարը, որի դրական և մնայուն արժեքները պահպանելու և ամրացնելու պատասխանատվություն ունենք:
 
Շնորհավոր տոնդ Հայաստանի առաջին հանրապետություն, հարգանք և խոնարհում պետականության ճանապարհին ընկած հերոսների և այն կերտող պետական գործիչների հիշատակին»:

  • Կիսվել: