ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին ամենակարևոր խնդիրն Արցախի և Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է. Ավինյան

Առաջին ամենակարևոր խնդիրն Արցախի և Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է. Ավինյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այլ տեղերում մեղավորների փնտրտուքը շատ սխալ տեղ է տանում:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես արձանագրում եմ, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք սա, ընդունենք և համոզենք մեր միջազգային գործընկերներին՛՛:

Ավինյանի խոսքով՝ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝ հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, սահմանապահ զորքերի պարտականությունն է:

Նա խոսեց նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին՝ ասելով. ՛՛Վաղ թե ուշ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան բոլոր հարևանների հետ: Բայց մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ: Նմանատիպ մոտեցումը, շանտաժի մեթոդը Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել:

Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության սահմաններից՛՛:

Ավինյանը հավելեց, որ այժմ առաջնահերթ կարևորություն է արհեստականորեն ստեղծված խնդիրների հանգուցալուծումը, որից հետո արդեն քննարկում կսկսվի ֆունդամենտալ հարցերի շուրջ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս հարցը դիվանագիտական լուծում կունենա:

Փոխարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Արցախի կարգավիճակի հարցն այս պահին հայկական կողմի համար բանակցային առաջնահերթությունների շարքում է: 

Նա նշեց, որ  քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, ընդհանուր այլ լուծումների և մոտեցումների մասին դժվար կլինի խոսել:

՛՛Մենք շատ կարևորում ենք բանակցային գործընթացը, ինչպես նաև այն որոշակի դրական տեղաշաժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայց և այնպես, վերջնական բոլոր հանգուցալուծումները, խաղաղության համաձայնագրերը և պայմանագրերը, դելիմիտացիան և դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում: Առաջին ամենակարևոր խնդիրն Արցախի և Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է՛՛,- ասաց Ավինյանը:

Նա նաև հավելեց, որ  ապաշրջափակման հարցով բանակցային փուլում որոշակի առաջխաղացում եղել է, կան դրական միտումներ. ՛՛Հուսով եմ՝ որոշակի պայմանավորվածությունների կկարողանանք գալ՛՛:

Ավինյանն անդրադարձավ նաև գերիների վերադարձի հետ կապված հարցին և ասաց, որ երբեք հակված չի եղել այս հարցով նախօրոք որևէ տեղեկատվություն տրամադրել, քանի որ բոլոր նմանատիպ լուրերը, որոնք, մասնավորապես, շրջանառվում են պաշտոնական օղակներով մինչև գերիների վերադարձը, միայն վնասում են այդ գործընթացին:

  • Կիսվել: