երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ ու կամուրջներ կան. վարչապետի պաշտոնակատար

Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ ու կամուրջներ կան. վարչապետի պաշտոնակատար

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական Միության կողմից 2.6 միլիարդ եվրոյի աջակցությունը Հայաստանին եզակի հնարավորություն է համարում երկրի համար: Այս մասին Շառլ Միշելն ասաց Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան առանձնացրեց փաթեթում ներառված մի քանի ծրագիր կլիմայի փոփոխության, ՓՄՁ-ների զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:

՛՛Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ելնելով այս ուժեղ ազդակներից, որը մենք հղում ենք Հայաստանին: Սա նաև ապագայի նկատմամբ վստահության ազդակ է առ այն, որ մենք միասին համատեղ սերտորեն կաշխատենք իրականացնելու համար այս ամենը, երաշխավորելու համար, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները կզգան այս ծրագրերի դրական ազդեցությունը՛՛,- եզրափակեց Միշելը:

Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ԵՄ-ի կողմից 2,6 մլրդ եվրոյի աջակցության ծրագրերից է Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այդտեղ նախատեսվում է նախնական 80 մլն եվրոյի ծրագրեր իրականացնել: Այնտեղ ամենատարբեր նոր գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը: Այնտեղ ջրի, արոտավայրերի հասանելիության հետ կապված խնդիրներ կան, ենթակառուցվածքների խնդիրներ կան: Կարծում ենք՝ հարավային շրջանները հատկապես տուրիզմի շատ մեծ ներուժ ունեն, եւ այս ոլորտում նույնպես պետք է աջակցություն ցուցաբերվի:

Հաջորդ ուղղությունը Հյուսիս-Հարավ ծրագիրն է: Մենք առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ ու կամուրջներ կան: Ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարությունը, եւ ԵՄ-ն պատրաստ է այստեղ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել՛՛:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների թվայնացման ոլորտին է վերաբերում և ՀՀ կառավարությունը նախատեսում է այս ուղղության ֆինանսավորման մի հատվածը ուղղել կրթությանը: Լուրջ ծրագրեր կան դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ջրամբարների կառուցման հարցը:

Բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի համար՝  ՛՛Կանաչ Երևան՛՛ և ՛՛Խելացի կառավարվող քաղաք՛՛, մասնավորապես, երթևեկության կառավարում արհեստական բանականության միջոցով:

՛՛Մետրոպոլիտենի վերականգնումը նույնպես կառանձնացնեմ, որտեղ, իմիջայլոց, Եվրամիությունը բավական շոշափելի դեր է ունեցել և այդ ուղղություններով մենք կշարունակենք աշխատանքը:  Մենք այդ ծրագրերը պետք է առաջ տանենք և, այո, առաջիկա 4-5 տարիների ընթացքում 2.6 մլրդ եվրոյի ծրագրերը պետք է իրականացնենք և դա շատ լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար՛՛,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: