Առաջարկում ենք՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևորական Միքայել Աջապահյանը. Մարուքյան
Մենք հանդես եկանք առաջարկություններով, օրինակներով բացատրեցինք, որ ժողովուրդ ջան, հարգարժան ընդդիմադիրներ, հնարավոր է հասնել փոփոխությունների, հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել, բայց դրա համար կա կարևոր նախապայման, որ պետք է լինի մի հատ իշխանություն, մի հատ ընդդիմություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում իր ելույթում հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Քննարկվեց, քննարկվեց, և որոշվեց, որ չէ, պետք է լինեն շատ ընդդիմություններ և մի հատ իշխանություն։ Այդ պայմաններում եղավ հետևյալը, որ քանի որ տեղի չի ունենում այդ մեծ կոնսոլիդացիան, բազմաթիվ ընդդիմադիր ուժեր մասնակցում են ընտրություններին»,–ասաց նա։
Մարուքյանը նկատեց, որ վերջերս Հունգարիայում ընդդիմությունը հաղթեց, որտեղ հանդես եկավ միասնական ճակատով, իսկ Վրաստանում ընդդիմությունը պարտվեց, քանի որ հանդես եկավ ոչ միասնական, այլ բազմաթիվ ընդդիմադիր ուժերի ձևաչափով։
«Հայկական քաղաքական համակարգում տպավորություն կա, որ ուզում են իրենք իրենց սխալների վրա սովորեն։ Բայց ժամանակ գնում է, ժամանակ չկա, որ քաղաքական միավորները իրենք իրենց սխալների վրա ինչ-որ բաներ սովորեն։
Այս պայմաններում «Լուսավոր Հայաստանը» ուներ երկու ճանապարհ՝ չմասնակցել ընտրություններին, դրանով ապաակտիվացնել իր էլեկտորալ հնարավորությունը, հետ մղել մարդկանց ընտրական տեղամասերից, որ չգնան ընտրություններին, որովհետև եթե մենք չմասնակցենք, մեր ընտրողները չեն գնալու ընտրություններին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանով կնվազի ընտրական մասնակցության շեմը և իշխանության համար կստեղծվի բարենպաստ պայմաններ։ Եվ երկրորդ տարբերակը՝ աշխատել եղած հնարավորության վրա, մեր մեկնարկային հնարավորության վրա աշխատել և պառլամենտում լինել դերակատար, որը բոլորը հասկանում են ինչ է, փոխզսպող, հավասարակշռող, մի հիմնարար դերակատարություն ունեցող ընդիմադիր միավոր։ Լինել ձևավորվող ապագա համակարգում իր գաղափարներով, իր փորձով և իր ներդրումը ունենալ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության գործում»,–ասաց Մարուքյանը։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ասում է, մենք առաջարկում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ, մեր արքեպիսկոպոսներից մեկը՝ Միքայել Աջապահյանը։ Նրա թեկնածությունը առաջադրվել էր դեռևս իմբիչմենտի գործընթացում, երբընդդիմադիր դաշտը համախմբվել էր։
Որովհետև այդ վարչապետական այդ մանր գզվրտոցի մեջ կորցնում ենք մենք պետության մասին մտածելու, մեր ինքնությունը պաշտպանելու, մեր ինստիտուտները զարգացնելու մասին խոսակցության ամբողջ կարևորությունը»,– հայտարարեց Մարուքյանը։


