երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը. Թանդիլյան

«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը. Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց քաղաքական ուժի նախագահ Մանե Թանդիլյանը։
 
«Մեր կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը` ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն։ Մենք Հայաստանի 18 համայնքում ներկայացված ենք ավագանիում, որոնցից 3-ում ստանձնել ենք կառավարման պատասխանատվություն։ Այժմ հասել ենք մեր կուսակցության որդեգրած քաղաքականության հաջորդ հանգրվանին` Երևանի ավագանու ընտրություններին։ Ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել այդ ընտրություններում»,– ասաց Թանդիլյանը։
 
Նա վստահեցրեց` Երևանում ընտրություններն ունենալու են ակնհայտորեն քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։ Քաղաքական գործիչն ընդգծեց` Երևանում իշխանազրկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արել են Ալավերդի, Նոյեմբերյան և Տաթև համայնքներում։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը երևանցիներին առաջարկեց մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։
«Երևանցին պետք է արժանի արձագանք տա ներկայիս իշխանությունների կողմից մայրաքաղաքը զավթելու փորձերին։ Գործող ավագանին մինչև ապրիլի 25-ը պարտավոր է, համաձայն օրենսդրության, իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ։ Երևանցու քվեի հետ կապ չունեցող, չընտրված, բայց դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած խոսքերից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն։
 
Մարդ, որը նախաձեռնել է Երևանի «էկոցիդը», մտածում է, որ ինքն է դա որոշում։ Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, որովհետև համոզված է` օրինական եղանակով անհնարին է իրենց վերարտադրությունը»,– ասաց Թանդիլյանը։
 
Նշենք` եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվի նոր քաղաքապետ, ապա Երևանի ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով, կառավարության որոշմամբ։ Ըստ կուսակցության նախագահի` եթե այդ ժամանակ գործադիրը, ինչպես բոլոր, այնպես էլ այս հարցում, մատնվի անգործության, ապա կհանդիպեն դատարանում։

  • Կիսվել: