ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ապրելու երկիր»-ը հայտարարել է՝ պատրաստ է պայքար առաջնորդել, իշխանազրկել երկրի կառավարումը ձախողած ուժին և ստանձնել Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն

«Ապրելու երկիր»-ը հայտարարել է՝ պատրաստ է պայքար առաջնորդել, իշխանազրկել երկրի կառավարումը ձախողած ուժին և ստանձնել Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Հայաստանի իշխանությունների վարած անվտանգային ոչ պրոֆեսիոնալ և դիվանագիտական անհետևողական քաղաքականությունը Հայաստանի շուրջ շարունակում է ստեղծել նորանոր վտանգներ, որոնց նկատմամբ դիմադրողականությունը ոչ միայն բավարար չէ, այլ նաև նվազում է։

Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից Արցախի և Արցախի քաղաքացիների նկատմամբ պարտավորություններից ամբողջական հրաժարումը օր օրի խորացնում է նաև Արցախի շուրջ առկա խնդիրը։

Այս ամենի պարագայում Ադրբեջանը շարունակում է իր հետևողական քաղաքականությունը հայկականության դեմ՝ փորձելով հասցնել առավելագույն վնասներ Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն այլևս ի զորու չեն ստանձնել պետության և ժողովրդի նկատմամբ ունեցած նվազագույն պատասխանատվությունը։

Միևնույն ժամանակ, ողջունելի են Արցախի քաղաքական ուժերի միասնական պայքարին ուղղված գործողությունները, որոնք պետք է կարևոր նախադրյալ դառնան հայկական աշխարհի համախմբման համար՝ հանուն Հայաստանի և Արցախի առջև առկա խնդիրների լուծման։

«Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհը բավականին բարդ է ու երկարատև և պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը՝ ժողովրդի վստահությանը արժանանալու միջոցով երկրի կառավարումը ձախողած ուժին իշխանազրկելու և ստանձնելու Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն»։

  • Կիսվել: