երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապաշրջափակման և երկաթուղիների շահագործման նախագիծը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»․  գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման համար․ Փաշինյան

Ապաշրջափակման և երկաթուղիների շահագործման նախագիծը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»․ գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման համար․ Փաշինյան

Ավտոճանապարհների ապաշրջափակման և երկաթուղիների շահագործման նախագիծը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև մենք, ըստ էության, այստեղ գործ ունենք հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և, ընդհանրապես, Հայաստանի ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2021 թ. դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպումից հետո ինքը հայատարել է այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին, և վերադառնալուց անմիջապես հետո տվել է համապատասխան հանձնարարականներ, և նաև աշխատանքային խումբ է ձևավորել, որն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով, և նաև վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ՌԴ համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի հետ, քանի որ այժմ քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքները:

Վարչապետը նշեց, որ այս ընթացքում կա նաև մի կարևոր գործողություն, որն անհրաժեշտ է կատարել:

«Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը երկկողմ կամ եռակողմ ֆորմատով դե յուրե պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի, և, եթե անհրաժեշտություն լինի՝ խորհրդարանում վավերացվի: Սա կարևոր նյուանս է»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա Փաշինյանը նշեց. «Դրանց հետ կապված մենք ձևակերպել ենք առաջարկներ, այդ առաջարկները փոխանցել ենք ադրբեջանական կողմին, ՌԴ, միջազգային մեր գործընկերներին, և Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես մենք պատրաստ ենք իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը»:

  • Կիսվել: