Ապահովագրված անձանց թիվն աճել է, հունիսի տվյալներով՝ շուրջ 1,8 մլն շահառու, որոնց մեջ շատ են վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը. Սամվել Խարազյան
Մենք՝ ինչպես առաջին եռամսյակում, այնպես էլ երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելուց հետո կազմել ենք հաշվետվություն, որը նաև հասանելի է մեր հիմնադրամի կայքէջում և ցանկացած քաղաքացի կարող է ծանոթանալ դրանց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժ/պ Սամվել Խարազյանը՝ հիմնադրամի աշխատանքներն ամփոփելիս:
«Հիմնադրամի ստեղծումից՝ 2026 թվականի հունվարի 1-ից հետո, ապահովագրված քաղաքացիների թվաքանակն ավելացել է շուրջ 14%-ով: Եթե տարեսկզբին մենք խոսում էինք 2026 թվականի ընթացքում շուրջ 1,6 միլիոն շահառուների սպասարկման մասին, ապա հունիս ամսվա տվյալներով մեր շահառուների թիվը շուրջ 1,8 միլիոն անձ է կազմում:
Այդ աճի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն՝ այս աճը հիմնականում 200,000 դրամ և բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվաքանակի աճով է պայմանավորված: Միայն տարեսկզբի, այսինքն՝ հունվար ամսվա դրությամբ մեր այս շահառուների թվաքանակի աճը կազմել է ավելի քան 30%»,-մանրամասնել է նա:



