շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անընդունելի է սեփական երկրում փառաբանել նացիստական ռեժիմի ադրբեջանցի աջակցին, իսկ արտաքին աշխարհում հանդես գալ նացիզմի հակառակորդ․ Փաշինյանը՝ Ալիևի մասին

Անընդունելի է սեփական երկրում փառաբանել նացիստական ռեժիմի ադրբեջանցի աջակցին, իսկ արտաքին աշխարհում հանդես գալ նացիզմի հակառակորդ․ Փաշինյանը՝ Ալիևի մասին

Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերով հակադարձեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե երկրորդ աշխարհամարտի տարիներին հայերը աջակցել են ֆաշիստական Գերմանիային։ Ի պատասխան Փաշինյանը վկայակոչեց տվյալներ, որոնց համաձայն 600 հազար հայ մասնակցել է 2-րդ աշխարհամարտին, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, ձևավորվել է վեց հայ ազգային դիվիզիա։ 70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։

«Հնարավոր չէ հայ ժողովրդի մասնակցությունը և ավանդը 2-րդ աշխարհամարտի ժամանակ նսեմացնել», -հայտարարեց Փաշինյանը։ Փոխարենը Հայաստանի վարչապետը ներկայացրեց տվյալներ ու փաստեր այն մասին, ինչպես են ադրբեջանցիները Գերմանիայում աջակցել ֆաշիստներին։ «Փաստական տվյալների հիման վրա 2-րդ աշխարհամարտի տարիներին մոտ 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական լեգեոներական խմբավորումներում։ Գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է դրա համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները՝ սկսած հագուստից», -հայտարարեց վարչապետը ներկայացնելով լուսանկարներ։

Ավելին, ըստ կառավարության ղեկավարի Գերմանիայում լույս տեսնելիս է եղել ադրբեջանական լեգեոնական պաշտոնաթերթը։

«Այս շարժման գլխին կանգնած է եղել Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մահամադ ամի Ռասուզադեն, որը սերտորեն համագործակցել է ֆաշիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական լեգեոնական խմբավորումը, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստների մոտ», -հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով, ուշագրավ է այն, որ Մահամադ ամի Ռասուլզադեին ներկայիս Ադրբեջանում մեծարում են, փառաբանում, և նախագահ Ալիևների ընտանիքը մի քանի անգամ մեծ շուքով նշել է նրա տարեդարձը, իսկ նրա կիսանդրին ու արձանները տեղադրված են մի քանի բնակավայրերում։

«Ես այս փաստերը ցույց տվեցի ի ցույց դնելու Ադրբեջանի նախագահի հայտարարությունների գաղափարական տարբերությունը՝ ինչպե՞ս կարելի է խոսել որպես նացիզմի հակառակորդ և նացիզմի կողմնակից լինելու մեջ մեղադրել Հայաստանին, երբ Ադրբեջանում անձամբ Իլհամ Ալիևը կազմակերպում է նացիստական ռեժիմի ադրբեջանցի աջակցի փառաբանումը, իսկ արտաքին աշխարհում հանդես գալիս որպես նացիզմի հակառակորդ։ Սա անընդունելի է», -հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: