Անվճար կրթություն և առողջապահություն, մինչև 3 միլիոն դրամի վարկերի ներում․ Ծառուկյանը ներկայացրել է ԲՀԿ-ի ծրագրային առաջնահերթությունները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 17-ին քայլերթ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Քայլերթը սկսելուց առաջ ելույթ է ունեցել կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Նա կրկին շեշտել է, որ իրենց նախընտրական ծրագիրն այս անգամ կազմել են ոչ թե կաբինետներում նստած, այլ շրջել են հանրապետության տարբեր բնակավայրերով, շփվել մարդկանց հետ, վեր հանել բոլոր խնդիրները ու դրանց հիման վրա էլ կազմել ծրագիրը։
«Ես սովորական աշխատավոր մարդկանց ընտանիքից եմ՝ զրոյից կայացած։ Խնդիրներն էլ գիտեմ, դրանց լուծումներն էլ գիտեմ։ Ես որևէ մեկի վրա ցեխ չեմ շպրտում։ Ես ասել եմ, մի անգամ էլ կասեմ՝ ամեն մեկը թող իր ծրագիրը ներկայացնի, ժողովուրդն էլ թող նայի, որ ուժի ծրագիրը իրեն հոգեհարազատ կլինի, թող նրան էլ ընտրի։ Ուզում եմ նորից ասել՝ գիտեմ խնդիրը, գիտեմ դրա լուծումը, ունեմ լավ թիմ ու ունեմ ցանկություն ու ծրագիր»,- ասել է Ծառուկյանը։
Նա շեշտել է՝ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առաջին քայլը, որ անելու է, կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնելն է։ «Սրանք առաջնային են»,- ասել է նա։
Ծառուկյանն անդրադարձել է նաև վարկերի խնդրին։ Նրա խոսքով՝ լավ օրից չի, որ մարդկաց մեծ մասը վարկեր են կուտակել, չեն կարողանում մարել դրանք, ինչի հետևանքով կուտակվել են նաև տույժ-տուգանքներ։ «Տնտեսական ճգնաժամ է եղել, եղել է կորոնավիրուսի համավարակը, պատերազմ է եղել, դրանց հետևանքով մարդիկ վարկեր ու պարտքեր են կուտակել։ Մենք հնարավորություն ունենալու դեպքում ներելու ենք մինչև 3 միլիոն դրամի վարկերը, որպեսզի մարդիկ դուրս գան այս վիճակից և ուղղեն իրենց մեջքը»,- մանրամասնել է Ծառուկյանը։
Նա շեշտել է, որ ո՛չ պաշտոն է ուզում, ո՛չ ճանաչում է ուզում, ո՛չ էլ անձնական հարց ունի լուծելու։ «Ինձ համար կարևոր է, որ մարդկանց դեմքերին ժպիտ լինի»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։


