հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում. Ռուբինյան

Անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում. Ռուբինյան

Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված անվտանգային կազմակերպություններից։ 

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Հայաստանի նախորդ կառավարությունները, նաև 2020 թվականի պատերազմից առաջ մեր կառավարությունը, մտածում էին, որ սա բավարար է Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելու համար, սակայն իրադարձությունների բերումով պարզ դարձավ, որ անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում, որովհետև, երբ ժամանակը գալիս է, և անվտանգային կազմակերպությունները և երկրները, որոնք ներգրավվելու պարտականություն ունեն, չեն անում դա կամ չեն ցանկանում անել։ Մենք սրա շուրջ կարող ենք բանավիճել, բայց փաստ է, որ դա տեղի չի ունենում։ Որպես արդյունք՝ տեղի են ունեցել էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածք։ Եվ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը իր անվտանգության ռազմավարությունը դիվերսիֆիկացնելու կարիք ունի, բայց ոչ միայն անվտանգության ռազմավարությունը»,-մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը։ 

Հայաստանը հիմա որդեգրել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը ձգտում է ավելի խորը համագործակցության Եվրամիության հետ, ավելի սերտ համագործակցության ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ։ «Մենք ուրախ ենք տեսնել, որ Հնդկաստանի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում գնալով ավելի է խորանում»,- ասել է Ռուբինյանը։  

 

  • Կիսվել: