ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Անկլավների» գաղափարն արհեստականորեն առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից. Թաթոյան

«Անկլավների» գաղափարն արհեստականորեն առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից. Թաթոյան

«Անկլավների» գաղափարն արհեստականորեն առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թաթոյան» իրավունքի և արդարադատության հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Նրա գնահատմամբ՝ այս մեխանիկական քաղաքական տերմինը պետք է հանվի օրակարգից. «Ինչ վերաբերում է սահմանների որոշման գործընթացին, ապա կա միջազգային փորձ։ Հիմքում պետք է լինեն անվտանգությունն ու մարդու իրավունքները: Հետևաբար, քարտեզների գաղափարը նույնպես տեղին չէ: Ինչպե՞ս կարելի է թշնամության պայմաններում քննարկել Ադրբեջանի առաջ քաշած գաղափարները։ Իսկ ինչպե՞ս վարվել Տավուշի ճանապարհների հետ։ Բոլորը նորից կհայտնվեն մեկուսացված»,- նշեց Թաթոյանը։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ «անկլավներ»-ն իրականում գտնվում են պատմական հայկական գյուղերի տարածքներում։

Ինչ վերաբերում է հայկական անկլավին՝ Արծվաշենին, Թաթոյանը նկատեց, որ այժմ Արծվաշենի քարտեզի վրա կղզի է, խորհրդային տարիներին այն եղել է Հայաստանի կազմում, տարածքը կտոր-կտոր են տվել, կղզի է դարձել. «Տիգրանաշենի դեպքում կառավարությունն այլ ճանապարհի մասին է խոսում։ Բայց ինչո՞ւ պիտի ժողովրդին տանջենք, որ ադրբեջանցիներին հաճոյացնենք։ Նույնը եղավ Սյունիքում։ Նրանք անտեսում էին մեր փաստարկները և կառուցում նոր ճանապարհներ, որոնք անհնար է օգտագործել: Տիգրանաշենում ոչ միայն ճանապարհ է, այլեւ բնակչություն, որը լրացուցիչ վտանգի տակ է լինելու։ Պետք է ելնել միջազգային փորձից։ Սրանք ԵԱՀԿ կանոններ են՝ հաշվի առեք բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ջրային ռեսուրսները և այլն»:

Ճշտող հարցին ի պատասխան, թե որն է ավելի մեծ՝ Արծվաշենի տարածքը, թե «անկլավները», Թաթոյանը պատասխանեց, որ Արծվաշենի տարածքն ավելի մեծ է, բայց այս դեպքում դա որոշիչ հանգամանք լինել չի կարող։

  • Կիսվել: