Անկախ, անվտանգ, ժողովրդավարական Հայաստանը, նաև կայունությունն ու խաղաղությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են. Լիտվայի վարչապետը՝ Փաշինյանին
Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, և ես վերահաստատել եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր դժվար ժամանակներ է ապրում՝ ցավակցություն հայտնելով ղարաբաղյան պատերազմներում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև կարեկցանք հայտնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, ովքեր լքել են իրենց տները։
Շիմոնիտեն հիշեցրել է, որ Լիտվայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։
«Հուսով եմ, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը - խմբ.) կհետևեն իրենց պարտավորություններին` ցուցաբերելով փոխադարձ հարգանք՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ես կարծում եմ, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել կայուն խաղաղության։ Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, բայց դա միակ ճանապարհն է՝ հասնելու կայունության և բարգավաճման ողջ տարածաշրջանում։ Ես բարձր եմ գնահատում Հայաստանի հավատարմությունը խաղաղ գործընթացին և աջակցություն եմ հայտնում ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին։ Անկախ, ինքնիշխան, անվտանգ, բարգավաճ, ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև կայունությունն ու խաղաղությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են»,- նշել է Լիտվայի վարչապետը՝ հավելելով, որ Լիտվան մտադիր է միասին աշխատել այդ ուղղությամբ:



