ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անիշխան Հայաստանն ու Ադրբեջանի նկրտումները. «Ժողովուրդ»

Անիշխան Հայաստանն ու Ադրբեջանի նկրտումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված քառասունվեց դեսպաններ այցելել են Շուշի, Հայաստանում չկա Արտաքին գործերի նախարարություն, անգամ մամուլի խոսնակ, որ արձագանքի այդ իրադարձություններին։

Նկատենք, որ ամեն դեպքում Շուշի չեն այցելել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները, փոխարենը Շուշի այցելած դեսպանների թվում էին ՀԱՊԿ անդամ երեք պետությունների՝ Ղազախստանի, Տաջիկստանի եւ Բելառուսի դեսպանները, ինչպես նաեւ Ավստրիայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, իսկ այցը կրում էր ճանաչողական բնույթ։ Ուշագրավ է, որ Շուշի հրաժարվել էր այցելել նաեւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Ադրբեջանցիներին, սակայն, առավել զայրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երեք դեսպանների մերժումը։

Ադրբեջանի նախկին արտգործնախարարն առաջարկել է պատժել այդ դիվանագետներին եւ նրանց չհրավիրել որեւէ այլ միջոցառման, քանի դեռ նրանք չեն այցելել Շուշի։ Ավելին՝ նա առաջարկել է պաշտոնապես հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից ընդհանրապես: Այսինքն՝ այն երկրների դեսպանները, որոնք զլացել են կատարել ազերիների քմահաճույքները, այդ երկրում խոսում են նրանց պատժելու մասին: Իսկ Հայաստանում երկու օր է՝ փաստացի չկա ՀՀ արտաքին գործերի նախարարություն, չկա պաշտոնական բողոքի նոտա՝ արված Շուշի գնացած երկրների ներկայացուցիչներին: Ձկան նման լուռ է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ինչը խոսում է անիշխանության մասին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: