երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա. Վահան Կոստանյան

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա. Վահան Կոստանյան

ԱԳՆ տեղակալը կարծում է՝ միջազգային հանրության արձագանքը բավարար չէ հումանիտար բեռի մուտքը արգելելուն։

Ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների՝ հումանիտար բեռը շարունակում է կանգնած մնալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում:

«Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում, ցավոք սրտի, չկա: Մենք շարունակելու ենք իրազեկել մեր գործընկերներին տեղում իրավիճակի զարգացման մասին և շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է: Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա:

Այս օրերի ընթացքում արդեն իսկ տեսանք որոշ հայտարարություններ տարբեր գործընկերների կողմից, բայց, կարծում ենք, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է, որ միասնական ճակատով միջազգային հանրությունը հանդես գա, և հստակ ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլև անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես մարդկանց, բեռների և մեքենաների անխափան անցումը»,- ասաց նա:

Հարցին՝ եղե՞լ է նախաձեռնություն հայկական կողմից՝ անձամբ դիմելու ադրբեջանական կողմին Լաչինի միջանցքը բացելու և հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու մասով, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Կածում ենք, որ Ադրբեջանը պիտի իրականացնի իր պարտավորությունները, որոնք իրավաբանական պարտադիր ուժ են կրում, և նման նախաձեռնություն չի եղել»,- ասաց նա, ապա հավելեց. «Այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից սկսած, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը»:

Վահան Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ԱԳՆ-ի և ՀՀ Կառավարության հրավերով Սյունիքի մարզում են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

  • Կիսվել: