կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Անհրաժեշտ է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակ

Անհրաժեշտ է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակ

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, եւ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի հայկական տարածքից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերյան  պայմանագրի։ Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում աշնանային նստաշրջանի քննարկումներում, ասել է ֆրանսիացի պատվիրակ Ժակ Լը Նեյը:

՛՛Այս բախումներն ամենախոշորն են 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։ Մենք պետք է հիշեցնենք մի շարք հիմնարար սկզբունքների մասին։ Նախ՝ անհրաժեշտ է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պետք է զորքերը դուրս բերի հայկական տարածքից՛՛,-նշել է նա:

Ժակ Լը Նեյը նաեւ կոչ է արել հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ կապված տեսանյութի հետ, որտեղ ադրբեջանցի զինվորները խոշտանգում եւ սպանում են հայ զինծառայողներին։

՛՛Կողմերին կոչ եմ անում հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիր, Եվրախորհուրդը պետք է ամբողջությամբ խաղա քննարկումների համաեվրոպական հարթակի դերը եւ խթանի քաղաքական երկխոսությունը։

Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը կարգավորելու համար՛՛,-հավելել է նա եւ նշել, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանն ավելի քան երբեւէ մեկուսացված է եւ չի պատրաստվում նպաստել քննարկումներին։

՛՛Նա ինքնին ճահճացած է Ուկրաինայում, եւ, հետեւաբար, մենք պետք է բարձրացնենք իրազեկվածությունը՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության՛՛,-ասել է պատվիրակը:

  • Կիսվել: