հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անհնար բան է, եթե մեր թիմակիցներից մեկը լինի կոռուպցիոներ, չենք պլստա, հենց մեր թիմակիցները կպատժեն մեզ. Ալեն Սիմոնյան

Անհնար բան է, եթե մեր թիմակիցներից մեկը լինի կոռուպցիոներ, չենք պլստա, հենց մեր թիմակիցները կպատժեն մեզ. Ալեն Սիմոնյան

Փաստ է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, այնքան ազատ է, որ անցնում է թույլատրելիության սահմանները` սկսած անձնական վիրավորանքներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը։

Վերջինս, պատասխանելով ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին հարցին, ասաց. «Կներեք, ի՞նչ քաղաքական հետապնդում, ընտրությունները անցել ենք, մենք ամենաբարդ իրավիճակում հաղթել ենք ամենաբաց ընտրություններում, որոշ քաղաքներում պարտվել ենք։ Ձեզ թվում է՝ մենք դրա պատճառով պետք է գնայինք ինչ-որ քայլերի՞»։

Առանձին դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին հարցին անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է։ Լինելու է ազատ դատական համակարգ, որի որոշումներով միշտ չէ, որ իշխանությունը բավարարված է լինելու, բայց դա լինելու է անկախ դատական համակարգ»։

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների գործունեությանը, նախկինում ունեցած ծեծկռտուքներին և փոխադարձ վիրավորանքներին, ասաց․

«Ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ ականատես եղան նման դեպքերի։ Այն ամբողջ փողոցային լարվածությունը, որ կար, եկավ լցվեց 100 հոգանոց դահլիճի մեջ։ Ես համարում եմ, որ, այնուամենայնիվ, մենք հաջողել ենք և կարողացանք պառլամենտը պահել պառլամենտի պես։ Հաշվի առնենք՝ որտեղից որտեղ ենք հասել` պատգամավորների տներ գնալ, իմ տան մոտ դե ժապավեն կախել, ահաբեկել, սպառնալ և այլն։ Ես հպարտանում եմ մեր ժողովրդի գիտակցությամբ, որ այդ կրիտիկական պահին չանցան կարմիր գծերը»։

Ալեն Սիմոնյանը խոսեց նաև իշխանության կողմից հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին։ «Դա անհնար բան է, առնվազն իմ թիմակիցների, էլ չեմ ասում երկրի ղեկավարի մասով, եթե մեզանից որևէ մեկը կոռուպցիոներ լինի, մենք չենք պլստա, կպատժվենք, եթե նման ուղղությամբ գնանք, հենց մեր գործընկերները մեզ կպատժեն։ Ասում են` ես ջրագիծ եմ անցկացնում, առանձնատուն եմ կառուցում, ես հրավիրում եմ, թող գան այդ ջրագիծը, կառուցվող առանձնատունը ցույց տան»,– ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ իր վերջին այցը ԱՄՆ աննախադեպ էր վերջին 30 տարվա ընթացքում։ «Նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ ՀՀ համարժեք պաշտոնյայի հանդիպում վերջին անգամ երևի եղել էր 30 տարի առաջ անկախության շրջանում, դրանից հետո նման հանդիպումներ չեն եղել։ Իմ այդ հանդիպումները ՀՀ անվտանգության երաշխիքներ են։ Ասում են, օրինակ՝ «խավիարային դիվանագիտություն», բա մենք ինչի՞ դիվանագիտություն պետք է ունենանք, ստիպված մեր միտքը, ազնվությունն ենք հակադրում։ Սա մեծ դիվանագիտություն է, որտեղ մենք երեք անգամ ավելի ջանք ենք գործադրում, որ կարողանաք մեր ասելիքը առաջ տանել»։

Հարցին` արդյո՞ք որպես նախագահի լիազորություններն իրականացնող անձ, չպետք է քաղաքական չեզոքություն պահպանի, Սիմոնյանը պատասխանեց. «Այդ օրենքը, որ գրել են, չեն պատկերացրել, որ նման բան տեղի կունենա։ Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ եմ, հիմա իմ քաղաքական գնահատականներն եմ տալիս և օրենքը դա ինձ չի արգելում, ես ընտրված նախագահ չեմ, կընտրեն նախագահ և նա կգա ու կզբաղեցնի իր չեզոք դիրքը»։

  • Կիսվել: