երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների մեջ կան շահառուներ, որոնց գումարը դեռ չի փոխանցվել. վարչապետ

Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների մեջ կան շահառուներ, որոնց գումարը դեռ չի փոխանցվել. վարչապետ

2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի շրջանակում 18 միջոցառում ենք ընդունել, բայց պետք է ընդունել, որ այդ միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնավորապես, վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը, ոնց որ անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել: Այսինքն կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի հասել: Պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց նա և նշեց, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:

«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, որոշակի ճշգրտումների կարիք կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, եւ նույնականացման գործառույթները ավտոմատացված կերպով, կոնֆլիկտի մեջ են: Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները: Ինչքան մենք շատ նույնականացնենք կարիքն ու շահառուին, այնքան գործընթացը սկսում է բարդանալ եւ ավտոմատացված ռեժիմը սկսում է նվազել»,-ասաց փոխվարչապետը:

  • Կիսվել: