երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. հայտարարություն

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. հայտարարություն

Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։

Հիշեցնենք՝  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի, և ակնհայտորեն չուզենալով նրա հետ զրուցել՝ վիրավորել էր նրան անպարկեշտ արտահայտությամբ։ Ներքոստորագրյալ կազմակերպություններս դատապարտող հայտարարությամբ անդրադարձել ենք այդ միջադեպին, պահանջել քննել պատգամավորի վարքագիծը և գնահատական տալ՝ նախաձեռնելով պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց։ Հռիփսիմե Ջեբեջյանն իր հերթին 161 լրագրողների ստորագրությամբ նամակ է հանձնել ՀՀ վարչապետին և ԱԺ աշխատակազմին այդ նույն պահանջներով։

Դժվար է ասել, թե որն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական մեծամասնության՝ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ լինելու հիմնական պատճառը․ այն, որ նախագիծը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցություննե՞րը, որոնց առաջարկություններն իշխող ուժը որպես կանոն չի ընդունում, թե՞ սա կուսակցի նկատմամբ համերաշխության դրսևորում է՝ անկախ նրանից, թե ինչ վարքով է նա աչքի ընկել։ Ամեն դեպքում Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը և գոնե դրա քննարկման համար էթիկայի հանձնաժողով չստեղծելը վկայում են, որ իշխող մեծամասնությունը ոչ մի արտառոց բան չի տեսնում նման կոնֆլիկտներում, նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը և դրանով իսկ կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։

 

Գուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել պատգամավորների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև ընդհարումները։ Բավական է հիշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հովիկ Աղազարյանի, Վիլեն Գաբրիելյանի և այլոց անբարեկիրթ վերաբերմունքը տարբեր լրագրողների նկատմամբ։

Համոզված ենք, որ հենց Ազգային ժողովից պետք է սկսել բևեռացված միջավայրում անպարկեշտ պահվածքի դեմ պայքարը։ Մի կողմից քաղաքական գործիչները, այդ թվում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, բողոքում են անհանդուրժողականության մթնոլորտից, մյուս կողմից դրան անդրադառնալու համար ակնհայտորեն անհրաժեշտ քայլ չեն ուզում ձեռնարկել և մերժում են էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ Իսկ իրավիճակն ԱԺ-ում, մասնավորապես՝ պատգամավորներ-լրագրողներ հարաբերությունների լարվածությունը, շատ ավելի պատասխանատու և քաղաքական լայնախոհություն ենթադրող լուծումներ է պահանջում։

 

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր հիասթափություն ենք արտահայտում առ այն, որ խորհրդարանականները շարունակաբար խուսափում են էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարից, և վերահաստատում ենք մեր պահանջը՝ օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ այդ մարմնի ձևավորման գործընթացն առավել պարզեցնելու կամ, ինչը գերադասելի է, պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու նպատակով։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

  • Կիսվել: