երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու․ Մհեր Գրիգորյան

Անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու․ Մհեր Գրիգորյան

Անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, թե սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, ուղղակի կա մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականին:

«Բանաձևի ուժով՝ սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով», - նշեց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն ասաց, թե գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչից, որոնցից ամենակարևորը սահմանում գինն է:

«Հիմա կալորիականության հաշվին պոտենցիալ, հնարավոր հավելյալ ծախսը այնքան մեծ չէ, որ հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ», - մանրամասնեց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ բիզնեսի համար պետք է սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ նոր կխոսեն:

«Բայց ես կարծում եմ՝ այքան մեծ է սահմանին ու աշխարհում գազի գնի տարբերությունը, որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար: Այնուամենայնիվ, գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողները, բոլորի համար գազի գինը թանկացել է ու կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ Հայաստանում բիզնեսների համար, կրկնեմ՝ չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսի համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլեկտրաէներգիա առնվազն 2022 թվականի համար», - հայտարարեց Մհեր Գրիգորյանը:

Նա ասաց, թե ԵԱՏՄ հարթակում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա ու բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում:

«Հուսով եմ, որ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ», - նշեց Գրիգորյանը:

  • Կիսվել: