ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Անամոթ սուտ»․ Երևանը հերքում է հունական ընդդիմության ղեկավարին գաղտնալսելու մասին պնդումը

«Անամոթ սուտ»․ Երևանը հերքում է հունական ընդդիմության ղեկավարին գաղտնալսելու մասին պնդումը

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը կտրականապես հերքում է հունական մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն, երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ սոցիալիստների առաջնորդ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսում լրտեսական ծրագրերը տեղադրվել են նաև հայկական հատուկ ծառայությունների խնդրանքով։

Աթենքում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը շրջանառվող տեղեկությունները նախօրեին «անամոթ սուտ» անվանեց՝ պնդելով, որ «Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը»։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ավելի քան երեք տարվա կառավարման ընթացքում ծագած ամենաաղմկալի ներքաղաքական սկանդալի մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթավերջին, այն բանից հետո, երբ Հունաստանի սոցիալիստական կուսակցության՝ PASOK-ի առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը հայտարարեց, որ Եվրախորհրդարանի կիբերանվտանգության ծառայությունն իրեն տեղեկացրել է, որ իր հեռախոսում Predator կոչվող լրտեսական ծրագիրն է տեղադրված եղել։

Դրանից մի քանի օր առաջ հունական հատուկ ծառայության ղեկավարը, խորհրդարանական փակ լսումների ժամանակ խոստովանել էր, թե լրտեսական ծրագրերը «երրորդ երկրի խնդրանքով տեղադրվել են նաև CNN-ի հունական ծառայության աշխատակիցներից մեկի հեռախոսում»։

Հունական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ ընդդիմադիրների հեռախոսները իբր գաղտնալսվել են հայկական և ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացրած խնդրանքի հիման վրա։

«Ես երբեք չէի պատկերացնի, որ հունական կառավարությունն իմ դեմ լրտեսական գործունեություն կծավալի։ Մեր դեմոկրատական պարտքն է՝ պաշտպանել Հունաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Այսօր ճշմարտության պահ է այն մարդկանց համար, որոնք իրենց մեծամտությունից ու անպատժելիության զգացումից դրդված, ինչի ասես որ ընդունակ չեն», - հայտարարում էր հունական ընդդիմության առաջնորդը։

Անդրուլակիսի հայտարարությունից մի քանի ժամ անց երկրի կառավարությունը հաստատեց, որ սոցիալիստների առաջնորդի հեռախոսում լրտեսական ծրագրերը իրոք տեղադրվել են երկրի հատուկ ծառայությունների կողմից՝ չանդրադառնալով սակայն սկանդալի հայկական կամ ուկրաինական հետքերին։

Ուրբաթ ուշ երեկոյան վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնապես ներողություն խնդրեց սոցիալիստների առաջնորդից, իսկ նրա երկու առանցքային թիմակիցները՝ կառավարության գլխավոր քարտուղար և վարչապետի զարմիկ Գրիգորիս Դիմիտրիադեսը և Հունաստանի ազգային հետախուզական ծառայության տնօրեն Պանայոտիս Կոնտոլեոնը հրաժարական ներկայացրեցին։ Նրանց գործողությունները վարչապետ Միցոտակիսը «ոչ ճիշտ էր» որակել։

Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունն ընդգծում է, որ գաղտնալսումներն օրինական չեն եղել և վարչապետ Միցոտակիսը դրանց մասին որևէ տեղեկություն չի ունեցել։

«Եթե նա իմանար հատուկ ծառայությունների նման գործողությունների մասին, հաստատ թույլ չէր տա», - նշված է Հունաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ։

Այսօր կեսօրին ծագած սկանդալին անդրադարձավ արդեն անձամբ Հունաստանի վարչապետը։ Կիրիակոս Միցոտակիսի պնդմամբ, սոցիալիստների առաջնորդի հեռախոսի գատնալսումը ոչ թե երկրում գործող օրենքների, այլ քաղաքական էթիկայի խախտում էր։

«Չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվել, Ազգային հետախուզական ծառայությունը թերագնահատել է իր գործողությունների քաղաքական հնչեղությունը։ Ֆորմալ առումով՝ հետախուզության գործողությունները իրավաչափ էին, իսկ քաղաքական տեսանկյունից՝ անընդունելի։ Ես հետախուզության գործողությունների մասին որևէ տեղեկություն չեմ ունեցել։ Եթե իմանայի, երբեք թույլ չէի տա», - պնդում էր Հունաստանի վարչապետը։

Բրիտանական The Guardian-ի տեղեկություններով՝ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսում լրտեսական ծրագրերն ակտիվացված են եղել առնվազն երեք ամիս՝ նախորդ տարի կայացած ներկուսակցական ընտրությունների ընթացքում։

Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ ձախակողմյան «Սիրիզայի» առաջնորդ, նախկին վարչապետը Ալեքսիս Ցիպրասի համոզմամբ, սակայն, ի վերջո կարող է պարզվել, որ գաղտնալսումների թիրախում շատ ավելի մեծ թվով ընդդիմադիրներ ու անկախ լրագրողներ են եղել։

«Կեղծ ներողությունների և ստերի փոխարեն լավ կլիներ, որ վարչապետ Միցոտակիսը խոստովաներ թե է՞լ որ քաղաքական գործիչներն ու լրագրողներն են, որ ենթարկվել են գաղտնալսման։ Սա շատ մեծ և աններելի սխալ է, սա խոշորագույն մի սկանդալ է», - հայտարարում էր Ցիպրասը՝տեղի ունեցողը համեմատեալով 70-ականների սկզբին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած «Ուոթերգեյթյան սկանդալի» հետ, որի հետևանքով հրաժարական ներկայացրացեց այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Նիքսոնը։

«Ամերիկյան իրադարձությունների կրկնությունը Հունաստանում կարող է ծանր հարված լինել երկրի ժողովրդավարության համար», - պնդում է «Սիրիզայի» առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը։

  • Կիսվել: