շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում վերահաստատվել է ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապությունը․ Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում վերահաստատվել է ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապությունը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նշել է, որ զրույցի առանցքային արձանագրումներից մեկը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապության և կարևորության վերահաստատումն էր երկու կողմերի համար։

«Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումն էր, որ այս օրակարգը շարունակում է նույնքան հրատապ մնալ ԱՄՆ գործող վարչակազմի համար։ Մեր կողմից էլ, բնականաբար, այդ նույն արձանագրումը կար»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ զրույցի երկրորդ առանցքային թեման եղել է տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։

«Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ ավարտելը։ Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և վավերացվի, ուժի մեջ մտնի երկու երկրներում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ շեշտադրումները տեղ են գտել կողմերի հրապարակած հաղորդագրություններում։

Վարչապետը նաև կարևորել է տարածաշրջանում հնարավոր էսկալացիաների կանխարգելումը։«Արձանագրել ենք, որ այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ։ Պայմանավորվել ենք շարունակել բարձր մակարդակի շփումները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»,-ասել է Փաշինյանը։

Մարտի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է եղել ինչպես հայ-ամերիկյան հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման հարցերին։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային այն գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։

  • Կիսվել: