ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ նախկին նախագահ Թրամփն արդարացվեց Սենատում

ԱՄՆ նախկին նախագահ Թրամփն արդարացվեց Սենատում

ԱՄՆ Սենատում կայացավ քվերակություն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ իմփիչմենթի վերաբերյալ, որի արդյունքում Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց 57 սենատոր անհրաժեշտ 67 ձայնի փոխարեն, և նախկին նախագահ Թրամփն այսպիսով արդարացվեց, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Չնայած դրան՝ վերջինիս ապագան շարունակում է մնալ անորոշ: Իմփիչմենթի աջակիցների թվում էին Հանրապետական կուսակցության 7 սենատորներ: Քվեարկությունից հետո իր խոսքում ԱՄՆ Սենատում հանրապետականների փոքրակասնության ղեկավար Միթչ Մաքքոնելն ասել է, որ նախագահը «չի կատարել իր աշխատանքը, քայլեր չի ձեռնարկել դաշնային օրենքի կիրառման և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ»: Սակայն այս ամենն, ըստ սենատորի, իրավունք չի տալիս Սենատին իմփիչմենթ հայտարարել արդեն հեռացած նախագահին: Նա հավելեց, սակայն, որ գործն ավարտված չէ և կարող է տեղափոխվել քրեական կամ քաղաքացիական դատարաններ:

Թրամփն անմեղ է ճանաչվել ԱՄՆ կառավարության դեմ բռնություն հրահրելու մեջ այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները ներխուժեցին Կոնգրես հունվարի 6-ին ՝ վրդովված Թրամփի անհիմն պնդումներից, թե Ջո Բայդենը կեղծել է ընտրություններն ու գողացել Թրամփի տարած հաղթանակը:

Դեմոկրատները հայտարարել են, որ Թրամփի պատասխանատվությունն այս հարցում ակնհայտ է: Յոթ հանրապետականներ համաձայն էին նրանց հետ, բայց մյուսներն ասում էին, որ տրամադրված ապացույցները բավարար չեն:

Բայդենը կոչ արեց միասնության: Նա ասաց, որ յուրաքանչյուր ամերիկացու պարտականությունն է ու պատասխանատվությունը պաշտպանել ճշմարտությունը: Մեր պատմության այս տխուր գլուխը հիշեցրել է մեզ ժողովրդավարության փխրուն լինելու մասին, որ այն միշտ պետք է պաշտպանված լինի, իսկ մենք՝ միշտ զգոն լինենք, ասել է նախագահը՝ հավելելով, որ Ամերիկայում չկա տեղ բռնությանը և ծայրահեղականությանը:

Ողջունելով Սենատի քվեարկության արդյունքներն իր հերթին՝ Թրամփը իմփիչմենթի փորձը որակեց որպես հերթական «վհուկների որս», իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իմփիչմենթի դեմ քվեարկած հանրապետականներին անվանեց «վախկոտներ»:

Reuters / Ipsos համատեղ հարցման արդյունքում ԱՄՆ մեծահասակների 71 տոկոսը և հանրապետականների կեսը կարծում են, որ Թրամփը մասամբ է պատասխանատու անկարգությունների համար:

Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Բարբարա Փերիի կարծիքով այնպես է ստացվում, որ հանրապետականների զգալի մասը Ջո Բայդենին ընդունում է որպես ոչ լեգետիմ նախագահ: Հանրապետական առաջնորդները պնդում են, որ դա այդպես չէ: Ըստ Փերիի, Թրամփի կողմնակիցները հասել են իրենց ուզած քաղաքական որոշումների իրագործմանը:

Դրանց թվում են հարկերի կրճատումը, պետական կարգավորման մեղմացումը, պահպանողական դաշնային դատարանները, պահպանողական Գերագույն դատարանի կազմըինչպես նաև ագրեսիվ արտաքին քաղաքականությունը և կոշտ մոտեցումը սահմանների վերահսկման հարցում, ասում է նա:

Մինչդեռ, նախագահ Ջո Բայդենի և Կոնգրեսի դեմոկրատների առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ: «Դեմոկրատները պետք է դուրս բերեն երկիրը COVID-19 համաճարակից և վերականգնեն տնտեսությունը», - ասում է Բրուքինգսի հաստատության վերլուծաբան Էլեյն Կամարկը:

Թրամփն ունի բավականին մեծ ընտրազանգված: Հանրապետականների շրջանում ոմանք նրան դատապարտում են, իսկ ոմանք էլ` միայն հանդուրժում:

Կամարկի և Բրուքինգսի հաստատության նրա գործընկերների կարծիքով Թրամփի ապագան դեռևս անորոշ է: Հնարավոր են տարբեր սցենարներ՝ սկսած Թրամփի կողմից Հանրապետական կուսակցությունը գլխավորելուց և 2024 թ.-ին կրկին հաղթելուց մինչև նրա կալանավորումը կամ արտաքսումը Ռուսաստան, Սաուդյան Արաբիա կամ այլ վայր:

Կոնգրեսի կողմից արդարացված Թրամփը, սակայն, շարունակում է մնալ բազմաթիվ դատախազների թիրախում ՝ իր գործարար գործունեության համար:

  • Կիսվել: