ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի միջազգային սահմանի՝ չսահմանազատված հատվածում ցանկացած քայլ համարում է սադրիչ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար

ԱՄՆ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի միջազգային սահմանի՝ չսահմանազատված հատվածում ցանկացած քայլ համարում է սադրիչ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցով Ադրբեջանում է:

Նա տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մասնակցել է կլոր սեղանի, տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։

Ռիքերը խոսել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններից, անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու Արցախյան հակամարտությանը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ՝ ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինծառայողների ձերբակալմամբ ու վերջերս ականի վրա պայթելու հետևանքով երկու լրագրողների մահվամբ։

Շատ կյանքեր կորսվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում, և մենք անհանգստացած ենք, որ իրավիճակը սահմանին կարող է սրվել։ Մենք կոչ ենք անում կողմերին՝ արագ կարգավորել այդ միջադեպերը։ ԱՄՆ-ն Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի՝ չսահմանազատված հատվածում ցանկացած քայլ համարում է սադրիչ։ Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանի դեմարկացիայի հարցում ու կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ իրենց նախկին դիրքերին, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը:

Պետքարտուղարի տեղակալը հավելել է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում հնարավորինս շտապ  վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար։

Նա նշել է. ՛՛ԱՄՆ-ն կշարունակի աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու համար, սակայն Հարավային Կովկասի ժողովուրդներն իրականում կարող են բարգավաճել միայն հակամարտության խաղաղ կարգավորման պարագայում՛՛:

  • Կիսվել: