ԱՄՆ մաքսային և սահմանապահ խումբը դեռ չի ժամանել Հայաստան․ Միրզոյան
Միացյալ Նահանգներից մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը Հայաստան դեռ տեղի չի ունեցել։
Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթներից մեկին, որի համաձայն՝ ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմ պետք է ժամանի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։
«Խոսքը մեր սահմանային անցումը վերահսկող մեխանիզմների, մեր հնարավորությունների ընդլայնման ու լավարկման մասին է։ Խոսքը տեխնիկական գործընթացների մասին է, հայ սահմանապահ ծառայությունների կարողությունների ընդլայնման մասին է։ Դրա տակ այլ բան պետք չէ հասկանալ։ Այդ խումբը դեռ չի ժամանել»,-նշել է Արարատ Միրզոյանը։
2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։