կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ տեղի կունենան

ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ տեղի կունենան

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովից հայտնել են, որ հունիսի 21-ին հանձնաժողովում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ։

Հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում բռնության վերսկսման ռիսկերը մեծանում են:

«Ադրբեջանի կառավարության աջակցությունը վայելող ակտիվիստների կողմից Լեռնային Ղարաբաղ տանող Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7-րդ ամիսը, իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանը միջանցքում բացել է ռազմական անցակետ, որը, շատերի կարծիքով, հակասում է 2020 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթներին: Միջազգային ջանքեր են գործադրվում նոր լայնամասշտաբ պատերազմի ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչ է պահանջվում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության համարժեք պաշտպանության համար, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել»,- նշված է հայտարարության մեջ:

Հանձնաժողովում հավելել են, որ լսումների ընթացքում կքննարկվեն Արցախի խոցելի էթնիկ բնակչությանը պատշաճ կերպով պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները և առաջարկներ կներկայացվեն ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ:

  • Կիսվել: