կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
ԱՄՆ կոնգրեսական Սփիերը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև

ԱՄՆ կոնգրեսական Սփիերը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։

Իր ելույթում Սփիերն ընդգծել է, որ երկար ժամանակ Ադրբեջանն անպատիժ կերպով վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ արհամարհելով մարդկային հիմնարար արժեքներն ու միջազգային իրավունքները։

Նա նշել է, որ պետք է Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Ժնևի կոնվենցիայի խախտումների և վայրագությունների համար, որոնք ՛՛իրականացրել են նրա զորքերը հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ՛՛:

Սփիերը հավելել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները՝ իրականացնելով կանխամտածված սպանություններ, խոշտանգումներ, դրսևորելով անմարդկային վերաբերմունք քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ։

Բանաձևում անդրադարձ կա նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակմանը, որը կրկնությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ հարձակման և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների դիերի խոշտանգումները։

Բացի այդ՝ բանաձևում հիշատակվում է 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում ծննդատան հրթիռակոծումը, ինչպես նա ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց գլխատման դեպքերը, անդրադարձ կա նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառմանը:

Սփիերը հավելել է, որ բանաձևում նշվում է, որ Ադրբեջանն ապօրինի պահում է ավելի քան 100 հայ ռազմագերիների, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։

Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները՝ ներառյալ ռազմական հանցագործությունները, որոնք խարխլել են միջազգային իրավունքի գերակայությունը։

Սփիերի խոսքով՝ բանաձևով կոչ է արվում դիմել Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի էական քայլեր ձեռնարկվեն Իլհամ Ալիևի հրահանգով արդբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։

Անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական օբյեկտների ոչնչացմանը, ինչը ևս դատապարտվում է վերոնշյալ բանաձևում:

Բանաձևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան այդ երկրի ագրեսիայի և թույլ տված պատերազմական հանցագործությունների։

  • Կիսվել: