ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրման կամ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնության սահմանափակման շանսերը այս պահին քիչ են. Ամերիկագետ

ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրման կամ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնության սահմանափակման շանսերը այս պահին քիչ են. Ամերիկագետ

ԱՄՆ-ն սովորաբար ակտիվանում է այն ժամանակահատվածում, երբ ռեալ հնարավորություն է տեսնում հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Սակայն այժմ ԱՄՆ մեր տարածաշրջանում ակտիվացել է ՌԴ-ի առաջ ծառացած խնդիրների համատեքստում` հաշվի առնելով Ռուսատանի ծանր կացությունը: Նման կարծիք Infoport.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգայինագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով վերջին շրջանում ամերիկյան ակտիվացմանը Հարավային Կովկասում և հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում:

Անդրադառնալով այդ ակտիվության գործնական դրսևորումներին` միջազգայնագետը նկատել է, որ պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչ օրակարգ ունի ՀՀ-ն եւ ինչ է ակնկալում ԱՄՆ-ից: «Նույն Փելոսին իր այցի ժամանակ մեծ հաշվով տվեց այդ մեսիջը ասելով, որ սկզբում կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում, հետո եկեք քննարկենք: Ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք է առաջին հերթին հասկանանք, թե ինչ ենք ուզում հետո նոր գնանք այդ հարցերը քննարկենք ԱՄՆ ղեկավարության հետ: Այ, երբ այս հարցին հստակ պատասխան ունենանք, հետո կարելի կլինի խոսել զարգացումների մասին»,- նկատեց նա:

Խոսելով վերջին օրերին հանրային օրակարգում լայն արձագանք ստացած ANCA-ի հայտարարությանը առ այն, որ 1991 թվականից սկսած առաջին անգամ ԱՄՆ քննարկում է Հայաստանին զենք ու սպառազինություն տրամադրելու հնարավորությունը` Սարգսյանը ընդգծում է, որ դա ոչ թե հստակ ինֆորմացիա է, այլ առավելապես «վերլուծություն»: «Ես այս պահին նման հեռանկարը շատ բարդ եմ պատկերացնում: Որովհետեւ նման նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ում իրավական փոփոխություններ եւ քաղաքական կամք: ԱՄՆ-ն կարող է նման քայլի գնալ միայն այն դեպքում, եթե նրա շահերից բխի Ադրբեջանին դեմ զինել Հայաստանին: Բայց այս պահին ԱՄՆ նման շահ չունի»,- ընդգծում է միջազգայինագետը:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնության սահմանափակման հեռանկարներին, Սարգսյանը նշում է. «Ադրբեջանին անվտանգային օգնության տրամադրումը բխում է ԱՄՆ շահերից, եթե ԱՄՆ շահերը այստեղ չհամընկեն, բնականաբար օգնություն չի տրամադրվի Ադրբեջանին: Բայց ես կարծում եմ, որ նման խնդիր այսօր չկա, որովհետեւ այդ օգնությունը տրամադրվում է հիմնավորապես Իրանի եւ Ադրբեջանի ծովային սահմանը պահելու նպատակով: Այսինքն այդ օգնությունը օգտագործվում է ըստ էության Իրանի դեմ, ինչը միանշանակ բխում է ԱՄՆ շահերից: Այնպես որ դրա հավանականությունը նույնպես շատ քիչ եմ համարում»:

  • Կիսվել: