երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ամերիկյան ժողովուրդը մեծարում և հիշում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են այս օրը` 106 տարի առաջ սկսված Ցեղասպանության ժամանակ. Ջո Բայդեն (ամբողջական ուղերձը)

Ամերիկյան ժողովուրդը մեծարում և հիշում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են այս օրը` 106 տարի առաջ սկսված Ցեղասպանության ժամանակ. Ջո Բայդեն (ամբողջական ուղերձը)

Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք թույլ չտալ նման վայրագությունների կրկնությունը։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության օրվան նվիրված իր ուղերձում:

«1915 թվականի ապրիլի 24-ից սկսած, երբ Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքների ղեկավարներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան դատապարտվեցին բնաջնջման արշավի ընթացքում:

Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չմոռացվեն պատմության մեջ։ Եվ մենք հիշում ենք, որ միշտ պետք է զգոն լինենք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում իր բոլոր դրսևորումներով:

Նրանք, ովքեր ողջ են մնացել, ստիպված են եղել փնտրել նոր տներ եւ նոր կյանք ամբողջ աշխարհում, այդ թվում Միացյալ Նահանգներում: Ունենալով ուժ և տոկունություն ՝ հայ ժողովուրդը վերապրեց և վերականգնվեց տարբեր համայնքներում։

Անցած տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները դարձել են Միացյալ Նահանգների լիիրավ քաղաքացիներ, սակայն նրանք երբեք չեն մոռացել իրենց ազգի ողբերգական պատմությունը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը։ Մենք հաստատում ենք նրանց պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որ մեղադրենք, այլ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, երբեք չկրկնվի։

Այսօր, երբ մենք սգում ենք անցյալի կորուստները, եկեք նաև մեր հայացքները դարձնենք դեպի ապագան ՝ դեպի այն աշխարհը, որը մենք ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար:

Պետք է ստեղծել մի իրականություն, որտեղ տեղ չկա արատներին, մոլեռանդությանը, անհանդուրժողականությանը, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատիվ և ապահով: Եկեք վերահաստատենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա վայրագությունները աշխարհի ցանկացած կետում։ Եվ եկեք ձգտենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր մարդկանց համար։

Ամերիկյան ժողովուրդը մեծարում և հիշում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են այս օրը` 106 տարի առաջ սկսված Ցեղասպանության ժամանակ»,- ասված է Բայդենի ուղերձում ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: