«Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն». ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ կանոնակարգի մասին
Իմ վերաբերմունքը փաստաթղթի նկատմամբ պետք է արտահայտեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով: Այս մասին այսօր ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Հարցին՝ այդ կանոնակարգում խութեր կա՞ն, ն արձագանքեց. «Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։
Սեպտեմբերի 5–ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։ Նույն օրը փաստաթուղթը ուղարկվեց Սահմանադրական դատարան։