Ամեն ինչ կորած չէ, եթե այս իշխանության վերարտադրությունը կանխենք. Իշխան Սաղաթելյան
«Իշխանություններն իրենց հերթական դավաճանությունը, մեր երկրից նոր զիջումները փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա ներկայացմամբ, երբ ընդդիմադիր գործիչները, փորձագետները, լրագրողները ներկայացնում են այդ զիջումները, ՔՊ-ականները սկսում են մեկը մյուսի հետևից «դուրս տալ»։
«Հետևաբար նրանց ջղաձիգ արձագանքները շատ նորմալ են, քանի որ բացահայտվում են սուտը, կեղծիքը։ Մեկ անգամ ևս հորդորում եմ, որ շարունակել նույն տեմպով մեր հանրությանը ցույց տալ դավաճանությունը, զիջումները»,-ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ այս հետևանքների մասին իրենք ահազանգում են վերջին չորս տարիների ընթացքում, խոսելու են, պայքարելու են մինչև հասնեն արդյունքի։
Նրա գնահատմամբ, կան մի շաևրք գործոններ, որոնց գումարման արդյունքում արդյունքի չեն հասել, բայց դա չի նշանակում, որ չեն պայքարել կամ տեղի ունեցածից հետո են արձագանքել կամ այլևս այդ ուղղությամբ պետք է չգնալ։
«Ամեն ինչ կորած չէ, եթե այս իշխանության վերարտադրությունը կանխենք։ Ես ասել եմ մի քանի անգամ, հիմա կրկնում եմ, իշխանությանը փողոցային պայքարով հեռացնելու հնարավորությունը կա և դրանից պետք է օգտվել»,-ասաց նա։
Անդրադառնալով Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ ընդդիմադիր գործիչն ասաց, որ Փաշինյանը մահվան, պարտության խորհրդանիշ է, չի կարող խաղաղություն բերել։
«Իր պատկերացրած խաղաղությունը շարունակ հայրենքից մասեր զիջելն է։ Եթե կարող են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները թող հերքեն՝ ՀՀ այսօրվա տարածքից նոր զիջումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ»,-ասաց պատգամավորը։


