շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ամբողջ խնդիրն այն է, որ ձեր բերած զենքը հենց տոննայով էլ պետք էր չափել. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Ամբողջ խնդիրն այն է, որ ձեր բերած զենքը հենց տոննայով էլ պետք էր չափել. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

«Շատ դժվար է չանդրադառնալ մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներին հատկապես, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կամ դրանից հետո տեղի ունեցած ընտրությունները որակում են որպես իշխանազավթում և նշում, որ դա տեղի է ունեցել ինչ-որ արտաքին «դաբրոններով»: Այո, սիրելի քաղաքացիներ, որ հիմա աշխատանքի ժամին կամ տանը նստած հեուստացույցով նայում եք այս նիստը, ընտրությունների ժամանակ ձեր քվեն տվել եք մեզ, ուրեմն այդ քվել տվել եք «դաբրոյով», ես չգիտեմ, թե ձեզնից կոնկրետ ում է զանգահարել պարոն Բլինքենը կամ պարոն Լավրովը և տվել «դաբրոն» մեզ քվեարկելու համար»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների զենքի վերաբերյալ հայտարարություններին՝ Ալեքսանյանը նշեց. «Հետո խոսում են մի ուրիշ երևույթի մասին, որ Հայաստան զենք էր մտնում և այդ զենքը կրակում էր, անգամ իրենց կուսակցության փոխնախագահը՝ պարոն փոխգնդապետ Աշոտյանը պարբերաբար նշում է, որ ժամանակին Հայաստան 50 հազար տոննա զենք է մտել, սիրելի քաղաքացիներ, դուք այս օրերին վստահաբար հետևում եք ռուս-ուկրաինական պատերազմին, ինձ թվում է դուք տեսնում եք այն, որ Ուկրաինային այս ինչ երկրից մատակարարվեց օրինակ՝ 10 ժամանակակից հեռահար հրետանի, 20 այս ինչ տեսակի հակաօդային պաշտպանություն, 30 այս ինչ տեսակի տանկ, երբևէ լսել եք՝ ինչ-որ մեկը օրինակ՝ ԱՄՆ-ն հայտարարի, որ Ուկրաինային տրամադրելու ենք 20 հազար տոննա զենք, չեք լսել, ինչու չեք լսել, որովհետև տոննայով չափում են ջարդոնը, ոչ թե զենքը, տոննայով չափում են օրինակ ՀՀ-ից արտահանվող մոլիբդենը, տրամաբանական է, բայց տոննայով չեն չափում զենքը: Ամբողջ խնդիրն այն է, որ ձեր բերած զենքը հենց տոննայով էլ պետք էր չափել, որովհետև, պարոն Մամիջանյան՝ ես պատիվ ունեցել եմ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու, երբ նշում եք, որ ՀՀ-ն կռվում էր 80-ականների զենքերով՝ ստում եք, որովհետև ես իմ ծառայության ընթացքում գոնե մեկ զենք ու կամ տրանսպորտային միջոց չեմ տեսել մեր զորամասում, որը եղել է արտադրված 80 թվականից հետո: Զենք էր բերվում Հայաստան, իհարկե բերվում էր, կասեք ի՞նչ էր բերվում»:

Խոսելով արցախյան հարցի մասին՝ պատգամավորն ընդգծեց. «Պարբերաբար խոսվում է ինքնորոշման իրավունքից հրաժարվելու մասին, դրանից հետո մի հատ էլ խոսվում է գերագույն խորհուրդների որոշման մասին, Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին, սովորաբար տրամաբանությունն այդ խոսույթում տեղ չունի, բայց, երբ փորձում ես տրամաբանել, ասում ես՝ շատ լավ կար միավորման մասին գերագույն խորհուրդների որոշում, այդ որոշումից հետո Արցախն անում է անկախության հանրաքվե՝ տրամաբանորեն ինչը հակասում է նախորդ որոշմանը, որովհետև նախորդիվ արդեն միավորվել էր, հիմա բայց անկախանում է, հանրաքվեն անում է, շատ լավ՝ անկախացավ, այս հարցի պատասխանը ես դեռ չեմ լսել, թե ումից, եթե ՀՀ-ի հետ միավորվել էր ուրեմն Հայաստանի՞ց»:

  • Կիսվել: