հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ամբողջ բանդան բռնվել է. Ալեն Սիմոնյանը՝ ՔԿ-ից 590 հազար դոլարի հափշտակության դեպքի բացահայտման մասին

Ամբողջ բանդան բռնվել է. Ալեն Սիմոնյանը՝ ՔԿ-ից 590 հազար դոլարի հափշտակության դեպքի բացահայտման մասին

Մեր իշխանության օրոք, երբ նման բան է արվում, մարդը բռնվում է, իսկ նախկին իշխանությունների ժամանակ, երբ մարդիկ նման բան էին անում, չէին բռնվում: Գողեր եղել են, միշտ լինելու են: Այլ հարց է՝ պետությունը բռնո՞ւմ է, թե՞ մտնում է այդ երևույթի հետ համագործակցության մեջ, և օգուտ է ունենում: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության դեպքին:

«Այս պարագայում այդ մարդը բռնվել է, ամբողջ բանդան բռնվել է: Կինոներ են նայել երևի, չեն հասկացել երևի, որ իրավապահ համակարգն արդեն աշխատում է»,- ասաց ԱԺ նախագահը:  

Հարցին՝ նման դեպքերից հետո ինչպե՞ս հավատալ իրավապահ մարմիններին, որ հենց համակարգի ներսում իրեղեն ապացույցներ չեն ոչնչացվի, այլ գումար չի հափշտակվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ պետք է վստահել իրավապահ համակարգին:

«Եթե տեսնում է մարդը, որ գողություն անողն այդ հիմնարկի պետի հետ չի կիսվում, և իրար հետ չեն թռնում մի տեղ, կղզում տուն առնում ու ապրում, պիտի վստահի, որովհետև գիտի, որ գողեր կան բոլոր տեղերում, և գողություններ միշտ եղել և լինելու են, բայց դա պատժվելու է:

Այդ կառույցի հիմնական գործառույթն այն է, որ գործեր քննի և քրեական գործեր պատրաստի: Ինքն իր գործառույթն արել է, և գողություն արած մարդուն բռնել է»,- ասաց նա:

 

  • Կիսվել: