հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առիթով:

 

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը: Անկախությունը, անկախ պետություն ունենալը, ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է, և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների ու տառապանքների գնով: 

 

Սա ճշմարտություն է նաև մեր պարագայում. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Այո» ասաց Անկախությանը:

 

Բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և աղքատության հետ: Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ: 

Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են: Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որ ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կողմից:

Շատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը և նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնարար գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև այդ անկախացման հիմնարար սկզբունքները:

Եվ հետևաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետևանքներով:

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու՞ պիտի անցնենք փորձությունների այս ճանապարհը: Ասել, թե հանուն Անկախության՝ նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարևոր մասը: Որովհետև, անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման: Խոսքն ապագայի մեր սերունդների երջանկության մասին է:

Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը:

Այսօր էլ Հայաստանում հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ. ժողովրդավարությունը, տնտեսական և որևէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: 

Այդ պայմանների ամբողջականացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտություններից զերծ միջավայր: Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում և երաշխավորում է անվտանգությունը, ինչպես նաև անկախությունն ու ինքնիշխանությունը:

Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել ևս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղությունը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից:

Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին և ներքին ցնցումների միջով, և մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի:

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով: Հայաստանի Հանրապետության խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար և երջանիկ ապագան այն նպատակն է, հանուն որի կրում ենք այս փորձությունները, հանուն որի քայլում ենք այս ճանապարհով:

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա:

  • Կիսվել: