Ալիևը խոսել է Հայաստանի համար «վերջին շանսի» մասին
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչև տարեվերջ (նկատի ունի 2022թ.- խմբ.) մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի՞ է սպասում Հայաստանը. Հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել...՛՛:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի առաջարկը ՛՛որոշ ժամանակ սեղանին կլինի՛՛։
՛՛Նրանք սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ դա այստեղ է անցնում, դրա համար պատճառներ ունեմ՝ պատմական և քարտեզագրական՛՛,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաև ասել է, որ իրենք սպասում են, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
՛՛Այս տարին Հայաստանի համար կլինի վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն՛՛,-եզրափակել է Ալիևը:



