չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Ալիևի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը հերթական անգամ ուզում էր ցույց տալ իր հնազանդությունը». Սաղաթելյան

«Ալիևի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը հերթական անգամ ուզում էր ցույց տալ իր հնազանդությունը». Սաղաթելյան

«Ակնհայտ է, թե ինչու է այս օրակարգով արտահերթ նիստ հրավիրում։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում ունեցով Ալիևի հետ, և հանդիպումից առաջ հերթական անգամ ուզում էր դուր գալ Ալիևին՝ ցույց տալով իր հնազանդությունը և պահանջները կատարելու պատրաստակամությունը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագրի» կողմից նախաձեռնված արտահերթ նիստի մասին, որի ժամանակ ընդունվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին հայտարարության նախագիծ։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ՔՊ–ի նախաձեռնած արտահերթ նիստին։

«Մենք ո՛չ Ալիևին դուր գալու խնդիր ունենք, ո՛չ էլ նրա պահանջները կատարելու պարտավորություն։ Բացի այդ, չենք մասնակցում, որովհետև սա բացառապես ՔՊ–ի տեսակետն է, և կապ չունի ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ էլ ՀՀ հավաքական շահերի հետ։ Սա ՔՊ–ի նախագիծն է, մենք չենք կարող այդ քննարկմանը մասնակից լինել։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին ձեռք բերված, այսպես կոչված, երկու ամսական խաղաղությանը, այդ մասին բազմիցս ասել եմ՝ դա խաղաղության հետ կապ չունի։ Մենք դեմ չենք խաղաղությանը, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը հսկայական զիջումների դիմաց զինադադար է, որը փորձում են ծախել ժողովրդի վրա։ Հետևաբար, մենք այս գործընթացին չենք մասնակցի»,–ասաց Սաղաթելյանը։

  • Կիսվել: