հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԼԳ երկրներում Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու հարցում առաջատար դիրքեր ունի․ Փաշինյան

ԱԼԳ երկրներում Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու հարցում առաջատար դիրքեր ունի․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Նա ասաց, թե այս ռազմավարությունը նոր չէ. շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, ու շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդից: Նախարարի խոսքով՝ առաջին հարցը դատական համակարգի բարեփոխումն է. նախատեսում են  հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը:

«Առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում», - ասաց նա:

Հաջորդ կարևոր ուղղությունը դատարանների թվայնացումն է. ամբողջ գործընթացը կթվայնացնեն:

«Դատական քննությունները կարող են անցկացվել օնլայն, այսինքն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու», - նշեց Անդրեասյանը:

Նա նշեց, թե առաջիկա ամսիներին նախաձեռնելու են, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի։ Սա, ըստ Անդրեասյանի, կոռուպցիայի դեմ պայքարի լրջագույն միջոց կդառնա:

Բարեվարքության ստուգման կենթարկվեն նաև դատախազները, քննիչները, ՔԿՀ աշխատակիցները:

Հատուկ աշխատանքներ կկատարվեն նաև Հարկադիր կատարման համակարգի բարեփոխման ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե իրենց ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն չեն ունեցել:

«Ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, մենք այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից», - ասաց նա:

Փաշինյանը, սակայն, նշեց, թե վերջերս թերթել է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը ու արձանագրել է, որ մի շարք ուղղություններով Հայաստանը  ԱԼԳ երկրներում առաջատար դիրքեր ունի, այդ ցանկում է նաև «Անկախ դատական համակարգ» վերնագիրը:

  • Կիսվել: