Ալեն Սիմոնյանը պատրաստվում է անձամբ դիմավորել Վալենտինա Մատվիենկոյին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեսում է օդանավակայանում անձամբ դիմավորել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Այդ մասին նա ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Ինձ այդ մասին հարցրեց Վալենտինա Մատվիենկոն, երբ ես հանդիպեցի Նենսի Փելոսիին (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ. խմբ)։ Ես նրան խոստացա, որ նրան նույնպես կդիմավորեմ: Ես դա կանեմ, ինչպես և իմ կիպրացի գործընկեր Անիտա Դիմիտրիուի դեպքում եղավ»,– ասաց նա։
Նշենք, որ Մատվիենկոյի հայաստանյան այցը նախատեսված է հունիսի 5–6–ը։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պատշաճ մակարդակով չեն դիմավորել օդանավակայանում, Սիմոնյանը նշեց, որ հյուրերին դիմավորում են արարողակարգով, ինքն անձամբ բացառություն է անում հատկապես կին գործընկերների համար։
Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե Երևանում Արարատ Միրզոյան–Սերգեյ Լավրով հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ հասցեին ավելի զգույշ արտահայտություններ թույլ տվեց, քան դա սովորաբար անում է Ալեն Սիմոնյանը։ Լրագրողի հարցին` արդյոք ՌԴ–ի հարցում որևէ բան է փոխվել, ու արդյոք ՔՊ–ի թիմի ներսում հակասություններ կան։
«Մեր թիմի մեջ հակասություններ չկան։ Պարոն Միրզոյանը դիվանագիտական կառույցի ղեկավարն է, ու նա կարող է իր արտահայտություններում լինել շատ ավելի դիվանագետ ու շատ ավելի զսպված։ Իսկ ես ամենամեծ քաղաքական կառույցի ղեկավարն եմ, ես պատգամավոր եմ, ես քաղաքական արտահայտություններ անելու ազատություն ունեմ և իմ բնավորությանը բնորոշ ավելի կտրուկ եմ, և ես իմ հայտարարությունն եմ անում»,– ասաց Սիմոնյանը։